Home / Հայաստան / Էրդողանը Օբամայի հարցին մեղադրանքով է պատասխանել

Էրդողանը Օբամայի հարցին մեղադրանքով է պատասխանել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հայտնել է, որ վերջինիս կառավարությունը «գործում է որպես Իսրայելի փաստաբան»: Այս մասին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ պատմել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Օբաման վերջին 9 ամիսների ընթացքում 11 անգամ զանգահարել է Էրդողանին: Ըստ Դավութօղլուի` հեռախոսազրույցներից մեկի ժամանակ նրանց միջև տհաճ զրույց է տեղի ունեցել, քանի որ Օբաման բողոքել է այն հանգամանքից, որ Թուրքիան դերակատարություն ունի Իրանի ուրանի փոխանակման գործարքում, միաժամանակ հարցրել է, թե ինչու է Էրդողանը պաշտպանում Իրանին:

Դավութօղլուի խոսքով` Էրդողանն ի պատասխան հայտարարել է. «Ես չեմ պաշտպանում Իրանին, իսկ դուք փոխարենը գործում եք որպես Իսրայելի փաստաբան»:

Դավութօղլուն խոսել է նաև ներկայումս Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին:

«Մենք պետք է կամ Բաշար-ալ-Ասադի թիկունքին կանգնենք, կամ սիրիական ժողովրդի: Մենք ընտրում ենք Սիրիայի ժողովրդին»,- ասել է Դավութօղլուն: