Home / Հայաստան / Հայաստանյան աղետին ցանկանում են էկոհարված հասցնել. հայեցակարգ

Հայաստանյան աղետին ցանկանում են էկոհարված հասցնել. հայեցակարգ

Շաբաթ օրը կայացած «Փոքր Խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի նիստում Կանաչների կուսակցության ղեկավար Արմենակ Դովլաթյանը ներկայացրել է ՀԱԿ-ի բնապահպանության հանձնաժողովի կողմից մշակած հայեցակարգը, ինչպես նաև պատմել է Կանաչների կուսակցության կողմից առաջարկվող բնապահպանության ոլորտին առնչվող քաղաքականության հիմնադրույթների մասին:

Բանախոսը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանում բնապահպանության ոլորտի օրենքները հիմնականում լավն են: Հայաստանը բնապահպանության ոլորտում միացել է ավելի քան 20 միջազգային պայմանագրերի:

Ըստ Դովլաթյանի, սակայն, խնդիրը նրանում է, որ այդ օրենքները մեր երկրում բացարձակապես չեն գործում, և արդյունքում երկրում տեղի է ունենում էկոլոգիական աղետ:

Դովլաթյանի ներկայացմամբ, անտառների մակերեսը Հայաստանում կրճատվել է խորհրդային ժամանակների 11%-ից մինչև 5-6%: Երևանում մեկ շնչին հասնող կանաչ տարածքը 16 քառակուսի մետրից մնացել է 4-5 քառակուսի մետր, իսկ բնապահպանական  չափանիշներով պահանջվում է 25 քառակուսի մետր:

«Եվ այդ պայմաններում դեռ Հայաստանը արտահանում է շինափայտ, երբ որ հարևան, անտառով ավելի հարուստ երկները դա իրենց մոտ արգելել են: Արտաքին ու ներքին արդյունաբերական սպառման նպատակով Հայաստանում կատարվում է մոտ 1 մլն. խորանարդ մետր տարեկան ծառահատում, ինչի հետևանքով ոչնչանում է նաև կենդանական աշխարհը, կրճատվում է ջուր կուտակելու երկրի հնարավորությունը, ինչը շուտով իրենց վրա կզգան հարևան երկրները, որոնց համար Հայաստանը իբրև լեռնաշխարհ ծառայում է ջրամատակարարող ավազան: Սոդքի ոսկու հանքը թունավորում է Սևանը, Հրազդանի կիրճի ակնկալվող երկաթե հանքի շահագործումը կվտանգի արդեն Երևանի խմելու ջուրը, իսկ նոր, ավելի հզոր ատոմակայանի կառուցման նախագիծը ապահովված չէ ջրային ռեսուրներով», – ասել է Դովլաթյանը:

Էկոլոգիական աղետի հիմնական մեղավորները հանքարդյունաբերությունը, շինափայտի արտադրություն ու շինարարությունն են, որոնց զարգացումը, Դովլաթյանի համոզմամբ, ոչ թե առաջընթաց է Հայաստանի տնտեսության համար, այլ աղետ, քանի որ դրանք ավերում են երկրի հիմքը:

«Ներկայիս դատական, օրենսդրական, իրավական մեխանիզմներով այդ ամենի դեմն առնելն անհնարին է դրանց փաստացի բացակայության, կեղծ բնույթ կրելու պատճառով: Մի երկրում, որտեղ հնարավոր է այնպիսի բան, որ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը ներկայումս հանդիսանում է խոշոր հանքատեր: Դատարանը վարույթ չի ընդունում Թեղուտի անտառների պաշտպանությանն ուղղված հայտեր` պատճառաբանելով, որ, իբր, միայն տեղի համայնքը կարող է լինել հայցատեր, իսկ տեղի համայնքները կաշառվում են մի քանի կոպեկով հանքատերերի կողմից: Իշխանությունը դիտավորյալ սնանկացնում է այն գործատերերին, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում էկոլոգիական շարժումներին», – ասել է բանախոսը:

Նիստի ընթացքում ՀԱԿ-ի Բնապահպանության հանձնաժողովի անդամ Արթուր Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանության հայեցակարգի հիմնադրույթները: Նրա խոսքերով` Հայաստանում գործող տարբեր էկոլոգիական կազմակերպություններն ու խմբերը դեռ չունեն ընդհանուր պլատֆորմ, միասնական հայեցակարգ, և տվյալ նախագիծը առաջարկվում է որպես այդպիսին: Այդ նպատակով ոչ թե ՀԱԿ-ն է ներկայացնելու հանրությանը պատրաստի նախագիծ, այլ տարբեր էկոլոգիական շարժումները, հանձնաժողովի հետ համատեղ մշակելով այս նախագիծը, ի վերջո ներկայացնելու են այն ՀԱԿ-ին, ինչպես նաև այլ քաղաքական ու հասարակական խմբերին, քանի որ էկոլոգիական աղետը կանխելու գործում քաղաքական ուժերի միջև եղած տարաձայնությունները պետք է մի կողմ դրվեն: Հայեցակարգը նախատեսում է բոլոր բնապահպանական հանկացումները՝ հարկերը, տույժերը, կուտակել առանձին բնապահպանական բյուջեյում, որը տնօրինելու է կառավարության և հասարակության համատեղ տնօրինման տակ գտնվող բնապահպանական հիմնադրամը:

Քննարկան ընթացքում Արման Գրիգորյանը ցանկություն է հայտնել, որպեսզի բնապահպանական շարժումը, Կանաչների կուսակցությունը ակտիվանան նաև քաղաքական դաշտում, մասնավորապես, որ նման ելույթներ հնչեն ՀԱԿ-ի հանրահավաքների ժամանակ, անցկացվեն բնապահպանական ակցիաներ ՀԱԿ-ի կողմից և Կանաչների կուսակցության առկայությունը ՀԱԿ-ի կազմում առավել տեսանելի դառնա:

Տեքստը տրամադրել է Արա Նեդոլյանը