Home / Հայաստան / ԼՂՀ-ում զոհված զինծառայողի գործով զինվորի են կալանավորել

ԼՂՀ-ում զոհված զինծառայողի գործով զինվորի են կալանավորել

2011թ. հոկտեմբերի 12-ին ԼՂՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Յուրիկ Ներսիսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) նախատեսված հանցագործության հատկանիշներով հոկտեմբերի 17-ին մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Մնացականյանին: Առաջադրված մեղադրանքում Մնացականյանը իրեն մեղավոր է ճանաչել և տվել ինքնախոստովանական ցուցմունք, հաղորդում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան Մնացականյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշենք, որ Յուրիկ Ներսիսյանը Խարբերդից էր, նրա մահվան նախնական պաշտոնական վարկածի համաձայն, զինծառայողն իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն էր գործել: