Home / Հայաստան / «Դրայվ սիրող» քաղաքապետին խնդրում են զբաղվել աղբահանության խնդրով

«Դրայվ սիրող» քաղաքապետին խնդրում են զբաղվել աղբահանության խնդրով

«Դրայվ» սիրող քաղաքապետը թող գար, նայեր, թե ինչպես են ընդդիմության համակիրները մաքրում Ազատության հրապարակը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես է արտահայտվել ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը` անդրադառնալով մայրաքաղաքի ներկայիս վիճակին և քաղաքապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը:

«Երևանի քաղաքապետը թող զբաղվի աղբահանությամբ, այլ ոչ թե կրպակներ կամ եվրոպական ցուցանակներ հանելով: Օրինակ, տրանսպորտի հարցը թող լուծեր: Մինչև այդ հարցը լուծված չի, այդ կրպակը ինձ համար վերջին խնդիրը կլինի: Ի վերջո, կրպակի լուծելու ձևն էլ կա, այդ մարդը պետք է հասկանա, որ կրպակում մարդը գործ է անում, լա՞վ կյանքից է այնտեղ գնացել, թե՞ ստիպված` այդ հարցն էլ պիտի քննարկի: Ի վերջո, ինքը երևանցու համար է չէ՞ անում, քաղաքը ծառայելու է մեզ, ոչ թե մենք քաղաքին: Հիմա մեզ մոտ ամեն ինչ էդպես է` մենք ծառայում ենք բյուջեին, մենք ծառայում ենք ԿԲ-ին, մենք ծառայում ենք քաղաքին, բայց լրիվ հակառակը պիտի լիներ: 180 աստիճան փոխված է ողջ տրամաբանությունը», – նշել է ընդդիմադիր գործիչը:

Ներկայացնելով Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքների ժամանակ իր դիտարկումները` Խաչատրյանն ասել է.

«Այդ այլանդակությունը, որ արեցին` զուգարանները փակելը: Դա էլ կարճամտություն ու քաղաքը չսիրող մարդկանց վերաբերմունք է: Ի վերջո, մարդիկ մի տեղ պիտի գնային: Ես գիշերը նայում էի` ոնց են քաղաքը մաքրում: Նախնադար է: Այն ինչ-որ 25-30 տարի առաջ էր: Ես գիշերները չեմ քնել և հերթապահություն էի անում, ու շրջապատում պտտվել եմ: Ժամը 3-ից 4-ից հետո սկսվում էր: Մենք ունենք մի երիտասարդ, որը բերեց մի սարք, որը տերևներ է հավաքում… Ամբողջ օպերան մաքրում էր կես ժամում: Իսկ այդ մարդը այդ հին ցախավելով, որ կար մեր 20-ական թվականներին, մաքրում է 2,5 ժամում: Մեր դրայվ սիրող քաղաքապետը թող գար նայեր»,- ասել է Վահագն Խաչատրյանը:

Վահագն Խաչատրյանը նշել է նաև, որ աղբը մեքենայի մեջ լցնելուց հետո կեսը թափվում էր գետնին, ու մի մարդ էլ նորից հետո բահով սկսում էր հավաքել: Խոսելով Օպերայի մոտ գտնվող պտտվող փոքր աղբարկղերի մասին` Վահագն Խաչատրյանն ասել է, որ դրանց միջից ևս չեն կարողանում աղբը դատարկել, աղբամանը դատարկելիս աղբը դարձյալ թափվում է գետնին ու ձեռքով հավաքում են այն:

Լրագրողների այն հարցին, թե ինչ կառաջարկի նախկին քաղաքապետը ներկայիս քաղաքապետին, Վահագն Խաչատրյանն ասել է. «Ես չեմ առաջարկում, իմ խնդրանքն է. քաղաքապետը թող զբաղվի աղբահանությամբ: Շատ առաջարկություններ են եղել, ես այն ժամանակ չհասցրեցի, բայց ճապոնական մասնագետները եկան, իրենք աղբահանման ամբողջ պրոցեսը , շենքերից տանելուց մինչև աղբի վերամշակում վերցրեցին, մենք համաձայնություն տվեցինք, հետո կորավ: Ես տեղյակ եմ, որ 2-3 առաջարկներ եղել են, բայց պարզվում է` դա մեծ բիզնես է ու այստեղ էլ մենաշնորհի խնդիր կա», – ասել է Վահագն Խաչատրյանը: