Home / Հայաստան / Երկրաշարժի գոտում խնդիրները շատ են. ցնցումները շարունակվում են

Երկրաշարժի գոտում խնդիրները շատ են. ցնցումները շարունակվում են

Վանում փրկարարները շարունակում են պայքարել մարդկանց կյանքերը փրկելու համար, սակայն աշխատանքի ընթացքում մեծաթիվ խնդիրների են հանդիպում: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժը մի քնաի 100 մարդու կյանք է խլել, փլատակների տակ են մնացել հազարավոր մարդիկ:

Փրկարարները բողոքում են, որ ստիպված են աշխատել «պրիմիտիվ պայմաններում» առանց համապատասխան տեխնիկական հագեցվածության:

«Մենք պարզունակ գործիքներ ենք օգտագործում, հիմնականում սարքեր ու տեխնիկա չունենք», – փրկարարներից մեկն ասել է Hurriyet Daily News-ի լրագրողի հետ զրույցում:

Համաձայն Hurriyet-ի, փրկարարների շրջանում ոգին բավական ցածր է, նրանք չեն կարողանում բավականաչափ արագ փլատակների տակից մարդկանց հանել:

Այն տեխնիկան, որը կարող էր օգնել փրկարարներին, աշխատում է Վանին հարակից Էրսիչում, որն ամենաշատն է տուժել երկրաշարժից:

Այնուամենայնիվ, փրկարարները նշում են, որ Էրսիչում էլ տեխնիկայի լուրջ պակաս կա, այնտեղ գործում է ընդամենը մեկ սննդի բաժանման կետ, ինչը բավարար չէ:

Նշենք, որ ստորգետնյա ցնցումները Վանի շրջակայքում շարունակվել են այսօր ողջ օրվա ընթացքում: Մասնավորապես, քիչ առաջ՝ 20:31-ին, տեղի սեյսմիկ ծառայությունները 5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում են գրանցել:

Լուսանկարը՝ AP