Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ առաջարկել է Թուրքիային օգնություն տրամադրել

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ առաջարկել է Թուրքիային օգնություն տրամադրել

Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան (ՄՊՀ), որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Մոսկվայի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշման համաձայն Սերժ Սարգսյանին շնորհվել է համալսարանի Պատվավոր պրոֆեսորի կոչում: Միջոցառման ժամանակ ՄՊՀ ռեկտոր ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին կոչումը շնորհելու մասին դիպլոմն ու մեդալը հանձնել է Սերժ Սարգսյանին:

Հանդիպումից հետո վերջինս այցելել է Անհայտ զինվորի հուշարձան, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ դնելով հուշարձանին:

Այնուհետև Կրեմլի Մեծ պալատում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Բանակցությունների ընդմիջմանը նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, երկու երկրների ղեկավարներն անկեղծ ցավակցության խոսքեր և աջակցություն են հայտնել Թուրքիայի նախագահին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Աբդուլլա Գյուլը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ցուցաբերած համերաշխության համար:

Հիշեցնենք, որ հայկական կողմը դեռևս երեկ առաջարկել էր հարևան Թուրքիային անհրաժեշտ օգնություն տրամադրել, սակայն  Reuters գործակալության հաղորդամամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է բոլոր երկրների օգնությունից` շնորհակալություն հայտնելով ցանկության համար:

Այս պահին Թուրքիայում օտարերկրացիներից աշխատում են միայն ադրբեջանցի փրկարարները: