Home / Հայաստան / «Դրսից ստացվող գումարներով» գործելու մեղադրանքը` սովետիզմ է. իրավապաշտպան

«Դրսից ստացվող գումարներով» գործելու մեղադրանքը` սովետիզմ է. իրավապաշտպան

«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում «Իրավունք և ազատություն» հ/կ-ի նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անդրադարձել է վերջերս ՀՀ ՊՆ պաշտոնյաների և որոշ լրագրողների կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների հասցեին ուղղված խոսքերին, թե նրանք «դրսից գումարներ են ստանում»:

«Արդյունավետ աշխատող հ/կ-ների գումարները հաշվելու փոխարեն` լավ կլիներ, որ Հ1-ը հրապարակեր, թե որտեղից բանակի գեներալներին այդ հսկայական ֆինանսական կարողություններն ու ունեցվածքը, որ նրանք գավառամտորեն, իրար հետ մրցելով` ի ցույց է դնում: Չէ՞ որ հենց նրանք են բանակ ներմուծել և ներմուծում այն բարքերը, որոնք հանգեցնում են այս ցավալի դեպքերին», – ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով` իրավապաշտպանների վրա հարձակումները խորհրդային ժամանակներ են հիշեցնում.

«Այն ժամանակ երկրում գոյություն ունեցող բոլոր ազատամիտներին, բոլոր անհամաձայններին, բոլոր անցանկալիներին ու բոլոր այլախոհներին այս նույն մտածողությամբ օժտված չինովնիկն ու լրատվամիջոցը հայտարարում էին դրսի ուժերի թելադրանքով գործող չարակամներ ու գործակալներ և հրապարակային ու միահամուռ դատապարտման էին ենթարկում: Ցավալի է, որ անկախության անցած քսան տարիներին չկարողացան մեզ բաժանել մեր արատավոր անցյալից: Կրկնակի ցավալի է, որ անցյալի այս ախտով այսօր հիվանդ են ոչ միայն խորհրդային տարիներին ապրած ու այդ տարիներին կայացած մարդիկ, այլ նաև երիտասարդներ: Ցավով կարդացի, որ, օրինակ, երիտասարդ հեռուստալրագրող Գևորգ Ալթունյանը առաջարկում է Լևոն Բարսեղյանին և Արթուր Սաքունցին հրապարակավ դատապարտել Միքայել Դանիելյանին և Գեորգի Վանյանին ու դրանով շահել իր և Հ1-ի բարեհաճությունը: Սա արդեն ստալինյան ավանդույթների ճշգրիտ արտացոլումն է մեր իրականության մեջ: Հրապարակավ դատապարտիր՝ ում մատնացույց կանենք, և առայժմ կարող ես ազատ լինել: Երկար է պետք մտածել՝ հասկանալու համար՝ սա զավե՞շտ է, թե՞ ցավալի իրողություն: Բանակ-հ/կ-ներ անիմաստ ու անտեղի, արհեստական ու անտեղյակության ու տարրականա անգրագիտության արդյունքում ծնված հակադրության այս պատմության մեջ երևի ամենացավալին ու արտառոցը ոչ թե ինքը՝  հակադրությունն է, այլ սովետիզմին յուրահատուկ այս դատապարտումներն են»: