Home / Հայաստան / Վանում ընդերքը, կարծես, հանգստանում է. Էրդողանը խոսում է փոքր ձախողման մասին

Վանում ընդերքը, կարծես, հանգստանում է. Էրդողանը խոսում է փոքր ձախողման մասին

Վերջին 12 ժամվա ընթացքում Վանում կիրակի և երեքշաբթի գրանցված երկու երկրաշարժերի հետցնցումների քանակը փոքր-ինչ նվազել է: Ի տարբերություն նախորդ գիշերվա, երբ միջազգային սեյսմիկ ծառայությունները մոտ 100 հետցնցում էին գրանցել, այսօր գիշերը հետցնցումների թիվը երկու անգամ նվազել է: Բացի դա, նվազել է նաև հետցնցումների ուժգնությունը. հիմնականում դրանք գրանցվում են 2,6-ից մինչև 4 մագնիտուդ` երբեմն հասնելով 4,3-ի, մինչդեռ երեկ հետցնցումների մագնիտուդը հասնում էր 4,7-ի:

Համաձայն պաշտոնական տվյալների, զոհերի թիվը հասել է 481-ի, կա 1650 վիրավոր:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Նշենք, որ երեկվանից Թուրքիա են սկսել ժամանել տարբեր երկրների ինքնաթիռներ, որոնք հումանիտար օգնություն են բերում երկիր:

Այդ առիթով թուրքական մամուլում չի դադարում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչող քննադատությունը, ով երկրաշարժից անմիջապես հետո հայտարարել էր, որ Թուրքիան ինքնուրույն կկարողանա հաղթահարել երկրաշարժի հետևանքները: Երկու օր անց, սակայն, Թուրքիայի ԱԳՆ-ն օգնություն խնդրեց միջազգային հանրությունից:

Էրդողանը, իր հերթին, նշել է, որ սխալները եղել են միայն առաջին ժամերի ընթացքում, որից հետո ամեն ինչ շտկվել է:

«Երկրաշարժից հետո առաջին 24 ժամվա ընթացքում ձախողում եղավ: Մենք դա ընդունում ենք: Բայց նման մեծ աղետների դեպքում միշտ էլ գոյություն ունի սխալվելու հավանականություն: Կարմիր Կիսալուսինը 15 հազարից ավելի վրան էր ուղարկել: Դա պետք է լիովին բավարարեր: Սակայն, դժբախտաբար, իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ», – Էրդողանի խոսքերը փոխանցում է Hurrieyet Daily News-ը:

Նա հավելել է, որ այժմ կառավարությունը լիովին վերահսկում է իրավիճակը և փլատակները շատ արագ կմաքրվեն:

Նշենք, որ Էրդողանը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը, պատրաստվում են շաբաթվա վերջին այցելել Վան:

Լուսանկարը` Getty Images