Home / Հայաստան / Այս օրը հայտարարում եմ վերջնական հաղթանակի ճանապարհի ստարտը. Տեր-Պետրոսյան

Այս օրը հայտարարում եմ վերջնական հաղթանակի ճանապարհի ստարտը. Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 28-ի հանրահավաքին իր հիմնական ելույթի ավարտից հետո, կարճ խոսքով դիմել է ՀԱԿ համակիրներին.

«Այսօրվա հանրահավաքի մարդաշատությունը և էներգետիկան չափազանց ուրախալի երևույթ է: Դուք, սիրելի ժողովուրդ, ամբողջ աշխարհին մի բան էլ ապացուցեցիք: Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, ժողովուրդները սովորաբար նորմալ երկրներում քաղաքականությամբ զբաղվում են ընտրությունից ընտրություն, միակ ժողովուրդն եք դուք` խելքը կորցրած, միակ ժոողվուրդն եք, որ կարող եք չորս տարի ընտրությունից հետո նույն էներգիայով, նույն բազմամարդությամբ պայաքարել իր նպատակներին հասնելու համար:

Ես էլի ասում եմ` չեմ չափազանցնում, թող բերի մեկը որևէ օրինակ. Այդպիսի երկիր չկա աշխարհում, այդպիսի ժողովուրդ չկա աշխարհում:

Եվ  մի բան էլ, եթե հիշում եք, մեր այս նորօրյա ժողովրդական շարժումը սկսվեց 2007 թվականի հոկտեմբերի 26-ին, հենց այս հրապարակում: Մեր առաջին հանրահավաքից չորս տարի երկու օր է անցել: Եվ այն հանրահավաքն այս հանրահավաքի մասնակիցների կեսն էլ չէր, այսինքն մեր ստարտը 2007 թվականին շատ ավելի համեստ էր, քան այսօրվա ստարտը: Ես այս օրը հայտարարում եմ  մեր վերջնական հաղթանակի ճանապարհի ստարտը և վստահ եմ, որ այս անգամ ժողովուրդը հաղթանակն իր ձեռքից բաց չի թողնելու: Ինչո՞ւ: Սա էլ հիմնավորեմ. որովհետև այս ժողովուրդն արդեն չորս տարի պայքարած ժողոովուրդ է մի կողմից, իսկ մյուս կողմից այս իշխանությունը չորս տարի առաջվա հզոր իշխանությունը չի: Սա թույլ, կաղ, երկու ոտքերից կաղ  իշխանություն է, որը մի թեթև քամուց փլվելու է»: