Home / Հայաստան / Վանի երկրաշարժի վնասը` 225 միլիարդ. Թուրքիան սեյսմակայուն քաղաքներ է կառուցելու

Վանի երկրաշարժի վնասը` 225 միլիարդ. Թուրքիան սեյսմակայուն քաղաքներ է կառուցելու

Թուրքիայի Վան քաղաքի շրջակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը, ըստ վերջին պաշտոնական տվյալների, հասել է 576-ի: Նշենք, որ, ինչպես նախորդ օրերին, այս գիշեր էլ Թուրքիայի արևելյան հատվածում շարունակվել են մինչև 4,5 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումները:

Մինչ փրկարար որոնողական աշխատանքները շարունակվում են, վերլուծաբանները հաշվել են, թե որքան գումար կպահանջվի տարածքի վերակառուցման և վերականգնման նախագծի իրականացման համար: Ըստ մասնագետների մոտավոր հաշվարկի, այդ թիվը կազմելու է շուրջ 225 միլիարդ դոլար:

Շաբաթ օրը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրաշարժային իրականության պայմաններում կառավարությունը համապարփակ պետական ծրագիր է մեկնարկում անվտանգ և սեյսմակայուն քաղաքներ կառուցելու համար:

Թուրքիայի 19 միլիոն բնակարաններ սեյսմակայուն չեն: Ողջ երկրով մեկ շենքերը պետք է վերակառուցվեն, որպեսզի դրանց խոցելիությունը երկրաշարժերի նկատմամբ նվազագույնի հասցվի: Քաղաքների վերակառուցման ծրագիրը նախատեսում է կամ ամրացնել կամ վերստին կառուցել մոտ 8,5 միլիոն բնակարան:

Նշենք, որ Վանի երկրաշարժը ամենաուժեղն էր Թուրքիայում 1999-ից հետո, երբ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը արևմտյան Իզմիթ քաղաքում 17,000 մարդու կյանք խլեց: