Գլխավոր / Հայաստան / Կառավարությունը «Նաիրիտի» համար օպերատոր է փնտրում

Կառավարությունը «Նաիրիտի» համար օպերատոր է փնտրում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռևս նախորդ տարի դիմել էր ԵվրԱզԷՍ-ի շրջանակում առկա հակագնաժամային հիմնադրամին, որպեսզի քննարկվի «Նաիրիտ» գործարանի արդիականացման ծրագիրը: Ծրագիրը բավական մանրակրկիտ քննարկվել է, Հակաճգնաժամային հիմնադրամի կողմից գործուղվել են մասնագետներ Հայաստան, որոնք ուսումնասիրել են քիմիական ոլորտը, պատրաստել այդ ոլորտի վերաբերյալ համալիր փաստաթուղթ, որպեսզի ճշգրիտ գնահատվեն «Նաիրիտ»-ի հեռանկարներն ու տեղը քիմիական արդյունաբերության մեջ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ առաջին տնտեսական կոնֆերանսից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում` պատասխանելով լրագրողի` «Նաիրիտին» վարկի տրամադրման մասին:

«Այս պահի դրությամբ անհրաժեշտ է, որպեսզի ունենանք օպերատոր, որը պատրաստ է իր վրա վերցնել «Նաիրիտ»-ի մենեջմենթը: Մեզ համար կարևոր է նաև, որպեսզի այդ վարկը տրամադրվի օպերատորի առկայության դեպքում, որպեսզի լրացուցիչ ռիսկերը կառավարությունն իր վրա չվերցնի: Այսօր աշխատանք է տարվում, որպեսզի այդ մեծածավալ գումարները, մի կողմից տրամադրվեն հուսալի գործընկերոջը, որը մասնագիտական կարողություններ ունի այդ բնագավառում, մյուս կողմից` կառավարությանը զերծ պահեն ավելորդ ռիսկերից: Երբ այս աշխատանքները հասնեն իրենց տրամաբանական ավարտին, բնականաբար, դրանք հանրությանը կներկայացնենք: Խնդիրը ձգձվում է այն պարզ պատճառով, որ «Նաիրիտ»-ն ինքը բավական մեծ գործարան է` բարդ տեխնոլոգիական գործառույթներով, և նրա զարգացման հնարավորությունները բազմազան են, ուղղությունները` բազմաթիվ: Այստեղ արագ, շուտափույթ լուծումները վտանգավոր են, դրա համար էլ այսքան երկար և մանրամասն այս հարցը քննարկվում է: Մենք ունենք գերմանական մի ընկերություն, որը զբաղվում է տեխնիկական բիզնես ծրագրի մշակմամբ: Առկա են մի քանի ընկերություններ ևս, որոնց հետ բանակցում ենք, որպեսզի կարողանանք ներգրավել օպերատոր: Միևնույն ժամանակ, այս խնդիրը քննարկում ենք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ, որովհետև այդ վարկային միջոցների ներգրավումը մենք պետք է անենք այնպես, որ Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ ֆինանսական ռիսկեր չառաջանան», — ասել է վարչապետը: