Գլխավոր / Հայաստան / ՖՈՏՈ – Վարագավանքը տուժել է երկրաշարժից. Epress.am-ը` Վանից

ՖՈՏՈ – Վարագավանքը տուժել է երկրաշարժից. Epress.am-ը` Վանից

Վարագավանք Վանի կենտրոնից մեքենայով կարելի է հասնել 15 րոպեի ընթացքում: Այն գտնվում է Վենք գյուղի մոտ (թուրքական անվանումը Յեդի Կիլիսե):

Epress.am-ի թղթակիցն այցելել է Վարագավանք և արձանագրել, որ այն մեծապես տուժել է հոկտեմբերի 23-ի Վանի երկրաշարժից:

Վարագավանքը, լինելով Արևմտյան Հայաստանում հայերի հոգևոր-մշակութային կենտրոններից մեկը, լքվել է 1915 թվականից հետո, և տուժել 70-ականներին Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:

Վանքը 1915 թվականից առաջ

Այժմ Վարագավանքն էլ ավելի անմխիթար վիճակում է հայտնվել: Եկեղեցու պահակը` Մեհմեթ Չոբանը, Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ 23-ի երկրաշարժից հետո առաջին երկու օրերի ընթացքում իրենք չէին կարողանում օգնություն ստանալ կենտրոնից:

«Գյուղում 65 ընտանիք է ապրում, մոտ 500 մարդ: Վանից մեզ 15 վրան էին ուղարկել: Բավականաչափ տաքացուցիչներ չունենք: Երեխաները վախեցած են. անընդհատ նայում են առաստաղին` տեսնելու համար` արդյոք լույսը շարժվում է», — ասել է Չոբանը:

Երկրաշարից տուժածներից մեկը` գյուղի բնակիչ Բարիշը, պատմել է, որ երկրաշարժի ժամանակ իրենք տեսել են, թե ինչպես են եկեղեցու պատերը աղմուկով քանդվում հարևանությամբ կառուցված մզկիթի վրա:

«Մենք միշտ ասում էինք, որ մզկիթը պետք չէ կառուցել եկեղեցու մոտ, բայց նրանք մեզ չլսեցին», — պատմում է Բարիշը` նկատի ունենալով տեղական իշխանությունները:

Այս ամառվա ընթացքում Վարագավանք մեծ թվով հայազգի ուխտավորներ են այցելել:

Դրանց թիվը նույնքան մեծ չի եղել, որքան Աղթամար այցելածների թիվը, սակայն բավական մեծ հոսքի արդյունքում գյուղացիները դիմել են կառավարությանը` վանքը վեռակառուցելու խնդրանքով: Զբոսաշրջիկների և ուխտավորների հոսքը գյուղին տնտեսապես ձեռնտու էր:

Իսկ մինչ այդ, վերջին տարիների ընթացքում Մեհմեթ Չոբանը և մի քանի գյուղացիներ պարբերաբար նամակներ են գրել համապատասխան գերատեսչություններին` նշելով, որ վանքին ավելի շատ խնամք է հարկավոր: Եկեղեցու սյուները թուլանում էին, քանի որ այն չուներ տանիք, և անձրև ու ձյունը ներս էին թափանցում: Երկրաշարժի ժամանակ երկու առավել շատ վնասված սյուներից մեկը քանդվել է և ընկել է ճանապարհի վրա: Դրա հետևանքով վիրավորվել է անցորդներից մեկը, սակայն նրա կայնքին վտանգ չի սպառնում:

Կիսաքանդ տանիքից որոշ հատվածներ պոկվել են և ընկել են եկեղեցու ներսում և անմիջապես մուտքի մոտ, ինչի հետևանքով մուտք փակվել է: Վանքի արևելյան հատվածում փլուզվել է շինություն, և այժմ այնտեղ բեկորներ են ընկած:

Վարագա վանքը հիմա շատ ավելի անմխիթար վիճակում է, քան անցյալ տարի: