Home / Հայաստան / Երևանում հետևում են Քոչարյանին, Բաքվում իրարանցում է Ալիևի շուրջ. «Նեզավիսիմայա գազետա»

Երևանում հետևում են Քոչարյանին, Բաքվում իրարանցում է Ալիևի շուրջ. «Նեզավիսիմայա գազետա»

Հայաստանում և Ադրբեջանում սկսում են մշուշոտ ընտրությունների նախանշաններ ի հայտ գալ, այսօր գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Թերթը նշում է, որ Երևանում տարբեր կուսակցությունների առաջնորդների միջև ինչ-որ գաղտնի հանդիպումներ են տեղի ունենում: Մամուլում տեղեկություններ են հայտնվում ստեղծվող և քանդվող դաշինքների մասին: Հատուկ ուշադրությամբ  վերահսկվում են երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները, նախապատրաստվող վերադարձի մասին շշուկները անփոփոխ բնույթ են ձեռք բերել: «Եթե այդ ամենը ճիշտ լինի, Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երեք առաջնային քաղաքական կենտրոններ կձևավորվեն, որոնք պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես կգլխավորեն երկրի գործող և նախկին ղեկավարները: Մնացած կուսակցությունները, ամենայն հավանականությամբ, դատապարտված կլինեն հավասարակշռողի դեր կատարել»:

Ադրբեջանում չի հանդարտվում նախագահ Իլհամ Ալիևի` «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տրված հարցազրույցի շուրջ առաջացած իրարանցումը: Հարցազրույցի ընթացքում նա հայտարարել էր, որ դեռ չի որոշել` արդյոք կառաջադրի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին, թե ոչ, նշում է պարբերականը:

Ալիևը չէր հասցրել ասել այդ մասին, երբ մի շարք տեղական ԶԼՄ-ներում  դավադրական տեսություններ սկսեցին շրջանառվել այն մասին, որ Ալիևների ընտանիքը ցանկանում է պահպանել իշխանությունը Մեհրիբան Ալիևային (Իլհամ Ալիևի կինը, հայրական ազգանունը`Փաշաևա) նախագահի պաշտոնի բերելով, Ադրբեջանում իշխանությունը զավթելու Փաշաևաների կլանի ցանկության մասին և անգամ նախագահի նկատմամբ Նախիջևանի կլանի  վերջնագրի ներկայացման մասին`անպայմանորեն մասնակցել ընտրություններին, հակառակ դեպքում…Այստեղ կարելի է ներմուծել նախկին ԽՍՀՄ տարածքում վերջին 20 տարիների ընթացքում տեղի ունեցած կենտրոնական իշխանության «սահմանափակման» ցանկացած սցենար: