Home / Հայաստան / Վահան Հովհաննիսյանը քննադատել է վարչապետի հայտարարությունը և ՀՀԿ-ին

Վահան Հովհաննիսյանը քննադատել է վարչապետի հայտարարությունը և ՀՀԿ-ին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը քննադատել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, համաձայն որի Հանրապետական կուսակցության հետ համագործակցողները կշահեն, իսկ նրանք, ովքեր չեն համագործակցի` կհայտնվեն կոտրած տաշտակի առաջ:

«Թեթև անդրադառնամ ասածի էությանը՝ մի կողմ թողնելով տաշտակի գաղափարախոսությունը: Իրենց մնա իրենց տաշտակը, իրենց և իրենց բարեկամներին, հարցը ուրիշ տեղ է:

Վարչապետն ասում է` ով համագործակցի մեզ հետ… ինքը, փաստորեն, համագործակցողների և չհամագործակցողների միջև ինչ-որ բաժանում է դնում: Ի՞նչ է նշանակում իրենց հետ համագործակցելը, և, ընդհանրապես, ի՞նչ է նշանակում համագործակցելը: Դա նշանակում է` հարգանքով վերաբերվել իրար, փոխադարձաբար տեսակետները հաշվի առնել: Մյուս կողմից` ոչ միայն հաշվի առնել, նաև կիրառել փոխզիջման գնալով: Դա մենք պատկերացնում ենք հենց այդպես», – ասել է ՀՅԴ-ականը:

Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ ՀՀԿ-ի կողմից համագործակցության տակ որպես կանոն ընկալվում է հլու-հնազանդ լինելը:

«Ինչ-որ իրենք կասեն, ճիշտ է, պետք է դրան ենթարկվել, այդպես քվեարկել, չքննադատել», – ասել է  Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` Հայաստանում, փաստորեն, ով մատնանշում է սխալները, փորձում է  ուղղել իրավիճակը, դիտվում է որպես թշնամի, որը խոչընդոտում է «նրանց կառավարելու հեզասահ գործընթացին»:

«Այ, եթե իսակապես համագործակցելու տրամադրություն ունենային և համագործակցեին, Ադրբեջանը ՄԱԿ-ում չէր ընտրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, սխալներ թույլ չէին տրվի հայ-թուրքական հարցում, կատաստրոֆիկ սխալներ թույլ չէին տրվի երկրի տնտեսության մեջ»,- ասել է Հովհաննիսյանը:

Խոսելով փետրվարին կոալիցիայի կողմից ստորագրված վերջին  հուշագրի մասին՝ պատգամավորն ասել է, որ «մի տեղ երբ ասվում է, որ կուսակցությունները չեն պայքարելու ուժերի փոխհարաբերությունները փոխելու համար, դա հենց նշանակում է, որ ի սկզբանե կոալիցիոն կուսակցություններին պարտավորեցրել են ընդունել հանրապետականի իշխող և առաջատար դերը, ինչը հաստատել է վարչապետն իր հայտարարությամբ»:

Հովհաննիսյանը հավելել է, որ հասարակության ակտիվությունը պետք է կոտրի ոմանց տաշտակը, որ հասկանան, թե ինչ լուրջ սխալ են գործում: