Home / Հայաստան / Վարչապետն ընդունում է Կարեն Կարապետյանի հրաժարականի պաշտոնական վարկածը

Վարչապետն ընդունում է Կարեն Կարապետյանի հրաժարականի պաշտոնական վարկածը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ ընդհանրապես ճիշտ չէ, երբ վարչապետն ինչ-որ լուրեր է մեկնաբանում: Այս մասին նա ասել է երեկ ՀՀԿ առաջին տնտեսական կոնֆերանսից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե լուրեր կան, որ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը դավաճանել է իր թիմին:

«Ես առաջնորդվում եմ այն բացատրություններով, որոնք հրապարակավ տվել է Կարեն Կարապետյանը: Նրա հետ հանդիպում եմ ունեցել, որտեղ նա մանրակրկիտ ներկայացրել է հրաժարականի իր փաստարկները, որոնք ամբողջությամբ համապատասխանում են իր հրապարակային հայտարարությանը: Որևէ այլ ենթատեքստ ես չեմ տեսնում և այլ մեկնաբանությունների հետ համամիտ չեմ», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նախորդ շաբաթ հրաժարական է տվել: Նրա խոսքով` հրաժարականը պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխվելու, ինչպես նաև անձնական բնույթի պատճառներով:

Կարապետյանը հերքել է լուրերն այն մասին, թե իբր լքում է քաղաքապետի պաշտոնը Սերժ Սարգսյանի կամ նախագահի աշխատակազմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Նման տեսակի լուրերը նա անվանել է աբսուրդ: