Home / Հայաստան / Սողանքային գոտում գտնվող տան բնակիչները խնդրում են լուծել իրենց բնակարանային հարցը

Սողանքային գոտում գտնվող տան բնակիչները խնդրում են լուծել իրենց բնակարանային հարցը

Նոյեմբերի 1-ին Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ Աշոտ Սիմոնյանը հայտնել է մարզային փրկարար վարչություն,  որ իրեն պատկանող տունը վթարային է և գտնվում է սողանքային գոտում:

Տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Աշոտ Սիմոնյանի տունն ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան, և դրա պատերի վրա առկա են ուղղաձիգ ու միջաձիգ ճաքեր` մինչև 5 սմ:  Տունն արտաքին տեսքից ձևախախտված է և թեքված է կողքի: Տան հետագա շահագործումը խիստ վտանգավոր է:

Փրկարար վարչությունը Հովքի գյուղապետին առաջարկել է բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարանով, սակայն վերջիններս հրաժարվել են` խնդրելով լուծել իրենց բնակարանային հարցը:

Ներկա դրությամբ Ա. Սիմոնյանը և իր կինը բնակվում են տան համեմատաբար անվտանգ հատվածում` պատշգամբում:

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի գյուղապետ Ս. Ավետյանից տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի Սարի Թաղ թաղամասից Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում ակտիվացել են սողանքային երևույթներ:

Պարզվել է, որ Վանաձորի Սարի Թաղ թաղամասի 2 -րդ փողոցի թիվ 4, 6 և 8 տների կոյուղաջրերը լցվում են հողի մեջ, որի հետևանքով առաջացել է 30 մ երկարությամբ, 2 մ լայնությամբ և 0,5 մ խորությամբ հողի հոսք: Սողանքային երևույթների հետագա ակտիվացումը կարող է վտանգավոր լինել հարակից տների և Դարպաս գյուղ տանող ճանապարհի համար:

Վերոնշյալ տներին արգելվել է շահագործել կոյուղագծերը:

Ստեղծված իրավիճակը կարգավորելու համար ստեղծվում է հանձնաժողով: