Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանն առաջարկում է խոսել Սարգսյան-Քոչարյան հարաբերությունների մասին

Հովիկ Աբրահամյանն առաջարկում է խոսել Սարգսյան-Քոչարյան հարաբերությունների մասին

Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետը ավելի բարձր պաշտոն է, քան Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։  Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է երեկ իր հրաժարականի մասին հայտարարած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Կարող էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ավարտվեր և վերջանար։ Բայց ինչքան էլ չկարևորեք շտաբի ղեկավարի անձը, իր դերակատարությունը, մեկ է՝ շատ կարևոր է: Եթե մենք կարողանում ենք հաղթել Ազգային ժողովի ընտրություններում, պարզ է, չէ՞, որ Աբրահամյան Հովիկը ավելի ցածր պաշտոն չի ստանալու։ Եվ ես գտնում եմ, որ իմ որոշումը ճիշտ էր», – ասել է նա։

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե նման որոշմամբ Սերժ Սարգսյանը մեկուսացրեց ևս մեկ գործչի, որը ավելի մտերիմ և լավ հարաբերությունների մեջ է Ռոբերտ Քոչարյանի թիմի և նրա հետ՝ այսպիսով տապալելով նրա ներպալատական հեղաշրջման փորձը, ապա, Հովիկ Աբրահամյանի խոսքով, «Քոչարյանի հետ ամենասերտ հարաբերություններն ունի Սերժ Սարգսյանը, այնպես որ դուք այդ հարաբերությունների մասին խոսեք»։

«Ես ընդհանրապես իրենց հարաբերությունների մեջ ոչ մտել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ մտնելու, և դա որևէ կապ չունի Աբրահամյան Հովիկ – Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների հետ։ Ես ներկա, գործող այս թիմի հետ եմ, և իրենց հետ էլ գնալու եմ մինչեւ վերջ, ինչի՞ մասին է խոսքը։ Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նախագահ եղած տարիներին և հիմա էլ։ Այնպես որ, սա կապ չունի մեկը մյուսի հետ։

Ես բանակ, ճամբար փոխող մարդ չեմ և աթոռից կառչելով չեմ ուզում կարևորեմ իմ դերակատարությունը։ Կուսակցությունն է ինձ առաջարկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, և ես համաձայնել եմ։ Հիմա ինքը որ առաջարկում է սա՝ ես գտնում եմ, որ սա շատ կարևոր է։ Ես հասկանում եմ, թե դա ինչ պատասխանատվություն է և կուսակցությունը ինձանից ինչ ակնկալիք ունի։ Ես շատ բարձր եմ գնահատում կուսակցության առաջարկը, որ ես ղեկավարեմ շտաբը։ Դա պատասխանատվություն եւ վստահություն է, առաջինը՝ վստահություն ինձ համար», – եզրափակել է Աբրահամյանը: