Home / Հայաստան / Wikileaks-ի հիմնադրին կհանձնեն Շվեդիային

Wikileaks-ի հիմնադրին կհանձնեն Շվեդիային

Լոնդոնի դատարանը մերժել է Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի բողոքարկման դիմումը, հայտնում է BBC-ն: Ասանժը դեմ էր իրեն Շվեդիային հանձնելու որոշմանը, համաձայն որի սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործը քննելու էր արդեն շվեդական արդարադատությունը:

Երկու դատավորներ վճռել են, որ Ասանժի արտաքսման որոշումը ուժի մեջ պետք է մնա: Ասանժը ձերբակալվել էր 2010 թվականի դեկտեմբերին Շվեդիայում տրված համաեվրոպական օրդերի համաձայն: Երկու կանայք մեղադրում են 40-ամյա ավստրալացուն բռնաբարության և սեռական բնույթի վիրավորանքներ հասցնելու մեջ:

Հուլիսին Լոնդոնի դատարանը հետաձգել էր վճռի կայացումը Ասանժի բողոքարկման պատճառով:

Ինքը` Ասանժը, չի ընդունում մեղադրանքները և վստահ է, որ այս հետապնդումները իրեն հեղինակազրկելու միտում ունեն և որ դրանք պայմանավորված են WikiLeaks կայքի հրապարակումներով: Ասանժը նաև մտավախություն ունի, որ Շվեդիայից նրան կարող են ԱՄՆ ուղարկել, որտեղ նրան երկարաժամկետ կալանավորում է սպառնում: