Home / Հայաստան / Հայաստանցի շախմատիստները պարտվեցին Ադրբեջանին

Հայաստանցի շախմատիստները պարտվեցին Ադրբեջանին

Երեկ Հունաստանում անցնող Եվրոպայի շախմատի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտություն կրեց Ադրբեջանի ընտրանուց: Մեր թիմի կազմում սպիտակներով հանդես եկող Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Թեյմուր Ռաջաբովի և Շահրիյար Մամեդյարովի հետ, իսկ սևերով մրցող Սերգեյ Մովսիսյանը և Գաբրիել Սարգսյանը պարտվեցին Վուգար Գաշիմովին և Գադիր Գուսեյնովին:

Պարտությունից հետո Հայաստանի հավաքականն այս պահին գտնվում է 19-րդ տեղում: Այսօր Հայաստանի հավաքականը խաղալու է Անգլիայի ընտրանու հետ:

Հայաստանի կանանց հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթանակ տոնեց Խորվաթիայի ընտրանու նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ առաջին տախտակին հանդես եկող Էլինա Դանիելյանը պարտության մատնեց Վալենտինա Գոլուբենկոյին: Հաղթանակից հետո մեր ընտրանին ընթանում է 9-րդ տեղում:

Այսօր Հայաստանի կանանց հավաքականը կմրցի Գերմանիայի ընտրանու հետ: