Home / Հայաստան / Ինչու են Երուսաղեմում թքում հայ հոգևորականների վրա

Ինչու են Երուսաղեմում թքում հայ հոգևորականների վրա

Երբ Կանադայի հայազգի քաղաքացի Նարեկ Կարապետյանը եկել էր Իսրայել` ուսանելու Երուսաղեմի հայկական պատրիարքարանի ճեմարանում, նա չէր էլ կարող պատկերացնել, որ կարող է ստորացումների ենթարկվել անցորդների կողմից, ովքեր առիթը բաց չէինն թողնում թքելու նրա վրա: Այս մասին գրում է իսրայելական «Հաարեց» պարբերականը:

Ըստ պարբերականի` Երուսաղեմում հրեա ծայրահեղական հոգևորականները սովորություն ունեն թքելու և լուտանքներ թափելու հայկական եկեղեցու հետևորդների հասցեին:

Կարապետյանի դեպքը ընդամենը մեկն է այն բազմաթիվ միջադեպերից, որոնք հաճախ տեղի են ունենում հոգևոր քաղաքում: Վերջին 18 ամիսների ընթացքում Կարապետյանը բազմիցս հայհոյանքների է արժանացել Երուսաղեմի հրեա ծայրայեղականների կողմից:

Մոտ մեկ ամիս առաջ նրա վրա կրկին թքել են, բայց այս անգամ թուքը դիպչել է նրա հագուստին: Ինչպես գրում է թերթը, Կարապետյանը երկու երիտասարդներին պատին է դեմ տվել և հարցրել, թե ինչու են նման բան անում: Վախեցած երիտասարդները ներողություն են հայցել ու փախել:

Այս հարցի առնչությամբ պարբերականը խոսել է հայ հոգևորականի հետ, ով պատմել է, որ Երուսաղեմում իրենց վրա թքելու պրակտիկա կա և նման վերաբերմունքի են արժանանում ինչպես երիտասարդ հոգևորականները, այնպես էլ եպիսկոպոսները: Վերջին դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը, երբ մի խումբ հրեա ծայրահեղականներ հավաքվել են հայկական եկեղեցու դարպասների մոտ և սկսել թքել եկեղեցու ուղղությամբ:

Թեև ոստիկանությունը հայտարարում է, որ նման ցանկացած դեպք ուղեկցվում է վիրավորողների ձերբակալությամբ և որ իրավիճակը վերահսկվում է փողոցներում առկա տեսահսկման սարքերի միջոցով, այդուհանդերձ, մոտ երկու շաբաթ առաջ Երուսաղեմի դատարանի դատավոր Դով Փոլոկի կողմից կարդացած վճռի մեջ ասվում է. «Ուժայիններն ի վիճակի չեն արմատախիլ անել այս երևույթը և բռնել թքելու պրակտիկա կիրառողներին»:

Նշենք նաև, որ Փոլոկը կարճել է հայաստանցի ճեմարանական Հովհաննես Մարատերսյանի դեմ հարուցված գործը, որի վրա նույնպես թքել էին հրեա ծայրահեղականները 2008 թվականի մայիսին: Այս գործողություններին Մարատերսյանը փոխադարձ հարվածով էր պատասխանել:

Փոլոկը վճռել էր, որ վիրավորանքի արժանացած հոգևորականին քրեական հետապնդման ենթարկելը արդարադատության սկզբունքներին կհակասեր:

Այնուամենայնիվ, Երուսաղեմի ոստիկանությունը շարունակում է պնդել, որ երեք տարվա համեմատությամբ փոխադարձ վիրավորանքների դեպքերը կտրուկ նվազել են: