Home / Հայաստան / Լրագրողն առաջարկում է Մեծ Եղեռնի ժամանակ հայերին փրկած թուրքերի ցուցակ կազմել

Լրագրողն առաջարկում է Մեծ Եղեռնի ժամանակ հայերին փրկած թուրքերի ցուցակ կազմել

Հայերը պետք է արժանին մատուցեն այն թուրքերին, ոքվեր փրկել են հայազգի բնակչությանը Հայոց Ցեղասպանության տարիներին: Երկխոսությունը նաև այստեղից կարող է սկսվել,  որովհետև նրանք նույնպես Օսմանյան կայսրությունում ապրող թուրքեր էին: Այս մասին թուրքական Radikal օրաթերթի հետ զրույցում ասել է The Independent հայտնի բրիտանական պարբերականի սյունակագիր Ռոբերտ Ֆիսկը:

«Իմ գրքում («Մեծ պատերազմ քաղաքակրթության համար: Մերձավոր Արևելքի նվաճումը») ես գրել եմ հայերի ցեղասպանության մասին, և այն հիմա թարգմանվում է թուրքերեն: Իհարկե, գիտակցում եմ այն վտանգը, որ թուրք ընթերցողները կարող են կենտրոնանալ հենց այս հատվածների վրա, առանց ուսումնասիրելու մնացած հատվածները: Բայց ես գիտեմ, որ ավելի շատ թուրքեր կան, որոնք ազատ խոսում են  իրենց հայ բարեկամների և տատիկ, պապիկների մասին: Ես առաջարկում եմ 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ հայազգի քաղաքացիներին փրկած թուրքերի ցուցակ կազմել: Ես սա ոչ միայն  հայերին եմ խորհուրդ տալիս անել, այլ նաև թուրքերին: Նրանք պարտավոր են պատվել այդ մարդկանց, քանի որ նրանք փրկել են թուրքերի գիտակցությունը: Ի վերջո, թե Գերմանիան, թե Անգլիան ընդունեցին Ցեղասպանության փաստը, և ոչինչ: Թուրքիան ուժեղ երկիր է»,- ասել է Ֆիսկը:

Նա նաև նշել է, որ Հայոց Ցեղասպանության մասին խոսելով և հիշելով` Թուրքիան ԵՄ-ի անդամ չի դառնա, բայց դա, ըստ Ֆիսնկի, պետք է լինի թուրքերի` ԵՄ-ին անդամագրվելու համար «անհրաժեշտ պայմանների ցուցակում»: