Home / Հայաստան / Հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը. Իրանը վիզաների վերացում է ակնկալում

Հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը. Իրանը վիզաների վերացում է ակնկալում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիին:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը Հայաստանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները լավ հնարավորություն է համարել երկու երկրների միջև առկա փոխգործակցության հարուստ օրակարգի, ինչպես նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի քննարկման ու նոր ծրագրերի նախանշման տեսանկյունից:

«Ուրախ եմ արձանագրելու, որ հայ-իրանական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Աճում է համատեղ ծրագրերի քանակը, ակտիվանում են մշակութային փոխանակությունները», – ասել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ալի Աքբար Սալեհը նույնպես բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունները` նշելով, որ Հայաստանը բավական ազդեցիկ երկիր է տարածաշրջանում և իր հատուկ տեղն ունի միջազգային ասպարեզում:

Սալեհի խոսքով` դա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ հայերը բնակվում են աշխարհի 100-ից ավելի երկրներում և բոլոր այդ պետություններում հարգանքի արժանի և ազդեցություն ունեցող մարդիկ են, ինչն էլ ուժեղացնում է Հայաստանի դիրքերը:

Նրա խոսքով` հայ-իրանական հարաբերությունները մի շարք ոլորտներում կարող են էլ ավելի զարգանալ: Իրանի ԱԳ նախարարը, մասնավորապես, նշել է, որ ապագայում Հայաստանն ու Իրանը կարող են վերացնել երկու երկրների միջև առկա մուտքի արտոնագրերը: Սալեհի խոսքով` այժմ տարեկան 100 հազարից ավելի իրանցի է այցելում Հայաստան, սակայն նախարարը հույս է հայտնել, որ  կգա ժամանակ, երբ այդ թիվը կհասնի մեկ միլիոնի: