Home / Հայաստան / Մահացած զինվորի մայրը չի ճանաչում որդու ձեռագիրը. Քննիչն առաջարկում է «անտեղի թուղթ չսևացնել»

Մահացած զինվորի մայրը չի ճանաչում որդու ձեռագիրը. Քննիչն առաջարկում է «անտեղի թուղթ չսևացնել»

2011 թվականի փետրվարի 12-ին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացած  22-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանի մայրը`  Լենա Սարուխանյանը, համաձայն չէ իր որդու գործով տարվող հետաքննության ընթացքի հետ:

Նշենք, որ Թորգոմ Սարուխանյանը բանակ էր զորակոչվել Գյումրիից, այս տարվա աշնանը նա պետք է ավարտեր ծառայությունը: Պաշտոնական վարկածի համաձայն, Թորգոմ Սարուխանյանին դրդել են ինքնասպանության:

Epress.am-ի հետ զրույցում տիկին Լենան տեղեկացրել է, որ հոկտեմբերի 14-ին հանդիպել է գործը վարող քննիչ Մարտիրոս Ավագյանի հետ, ով սկսել է բավական կոպիտ խոսել իր հետ, երբ տեղեկացել է, որ Սարուխանյանն իր դժգոհությունն է հայտնել տարվող նախաքննությունից և ցանկացել է բողոք գրել այդ առնչությամբ՝ հայտնելով իր անհամաձայնությունը գործում տեղ գտած փաստերի վերաբերյալ:

Լենա Սարուխանյանը մեզ տեղեկացրել է, որ իր որդին զորամասի շտաբում եղել է գրագիր, աշխատել է համակարգչով, կոնսպեկտներ է արել և ինչ-որ քարտեզ է գծագրելիս եղել, որի մասին սկզբում ոչինչ չէր ասվում, և միայն իր բողոքներից հետո այդ հանգամանքը հայտնվել է գործի մեջ:

«Ես քննիչին ասացի, որ իմ որդին շատ համբերատար և դաստիարակված տղա էր, և չէր կարող այն աստիճանի հասնել, որ ինքն իրեն սպաներ: Ինձ հետ զրուցելիս ասում էր, որ իրեն նախանձողներ շատ կան: Քննիչը պատասխանում է. «Հա, ինչ անենք, մենք նախանձողներ ունենք, բա ինչ կանեին, կնախանձեին, բա տղեդ լյուքս տեղում էր քնում»: Ես բարկացա և պատասխանեցի, որ նա իր շնորքով և աշխատասիրությամբ է  հասել դրան, իսկ որ անքուն գիշերներ էր անցկացնում քարտեզ գծելու վրա, դա ոչինչ: Քննիչին նաև ասացի, որ բողոք եմ գրելու, իսկ նա ինձ պատասխանեց, որ անտեղի թուղթ եմ սևացնելու, և դա օգուտ չի տա: Ես ասացի, որ այդ դեպքում կգրեմ, որ քննիչին փոխեն, այնքան կգրեմ, մինչև օգուտ կտա», – ասել է Լենա Սարուխանյանը:

Նա պատմել է, որ փետրվարի 3-ին իր որդուն որպես լավ զինծառայող պետք է երկրորդ անգամ արձակուրդ տային, սակայն դա տեղի չի ունեցել, և հենց այս հանգամանքն էլ ստիպում է Սարուխանյանին մտածել, որ իր որդուն սպանել են:

Նրա խոսքով` իր որդին կրում էր ժամացույց և արծաթե մատանի, որոնք անհետացել են: Բացի դա, Թորգոմի հետ շտաբում ծառայող մեկ այլ գրագիր` Վահե անունով, սկզբում  իր ցուցմունքում նշել է, որ վերջին երկու օրերին Թորգոմին չի տեսել, բայց Լենա Սարուխանյանը մահվանից մեկ օր առաջ իր որդու հետ հեռախոսազրույցում տեղեկացել է, որ Թորգոմն այդ օրը նշանակված է եղել վերակարգի և որ մի քանի րոպեով մտել է սենյակ ծխախոտ վերցնելու և Վահեին ասելու, որ չի կարող իրեն օգնել շտաբի աշխատանքներում, քանի որ այլ հրաման ունի:

Հետագայում Վահեն փոխել է իր ցուցմունքը և ասել, որ տեսել է Թորգոմին: Տիկին Լենան նաև տեղեկացրել է, որ Թորգոմի մահվանից երկու օր առաջ էլ զորամասից գողացել են նրա հեռախոսի քարտը:

Սարուխանյանի խոսքով` իր տղան ընդհանրապես պետք է չզորակոչվեր, նրա բանակ գնալը երեք անգամ հետաձգել են, քանի որ երիտասարդը եղունգների հետ կապված խնդիրներ է ունեցել, իսկ բանակ զորակոչվելուց հետո նա շարունակվում էր բուժվել:

«Ո՞ւմ տեղը տարան իմ տղային, գլխաքանակ են լրացնում, հետո վերացնում», – ասել է Լենա Սարուխանյանը:

Նա նաև կարծիք է հայտնել, որ «վերևից ճնշում են գործադրում, որպեսզի այս գործը գնա իրենց ուզած հունով»:

Զինվորի մայրը նաև տեղեկացրել է, որ իր որդին, իբր, գրություն էր թողել, որում խնդրում էր իրեն մահվանից հետո չդիահերձել: Տիկին Լենայի պնդմամբ` այն ձեռագիրը, որով գրված է գրությունը, իր որդունը չէ:

«Սեյրան Օհանյանն ինչ իրավունք ուներ հենց սկզբում հայտարարել, որ Թորգոմը ինքնասապն է եղել: Այդ թղթի մեջ (Պաշտպանթության նախարարության փաստաթուղթը) նույնիսկ  տղայիս տարիքը ճիշտ չէին գրել: Ուրեմն իր ճնշումն էլ կար այս գործի վրա»,- ասել է Լենա Սարուխանյանը` հավելելով, որ ինքը պահանջում է, որպեսզի հարցաքննվի զորամասի հրամանատարական կազմը և պատժվեն մեղավորները, որոնք սպանել են իր տղային:

Լենա Սարուխանյանը կարծում է, որ իր որդուն ինչ-որ գործեր են հանձնարարել կատարել, որը չի մտնում զինվորի պարտականությունների մեջ, որոնք պետք է գաղտնի մնային, և որպեսզի այդ մասին ոչ ոք չիմանա, գործն անելուց հետո իր տղային սպանել են` փորձելով ծածկել իրողությունը: