Home / Հայաստան / Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին. վերջին արգելքը գերմանացիներն են

Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին. վերջին արգելքը գերմանացիներն են

Հայաստանի շախմատի հավաքականն այսօր շարունակեց փայլուն ելույթները Հունաստանում անցնող Եվրոպայի թիմային առաջնությունում: 8-րդ տուրում մեր ընտրանին 3:1 հաշվով պարտության մատնեց Հոլանդիայի թիմին:

Հայաստանցիներից երկրորդ և չորրորդ տախտակներին  սևերով հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին, իսկ ահա Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով պարտության մատնեցին մրցակիցներին՝ արձանագրելով 3:1 հաշվով հաղթանակը:

Հայաստանի ընտրանու համար 8-րդ տուրում ևս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ: Ադրբեջանի հավաքականը պարտվեց Գերմանիայի ընտրանուն 1,5:2,5 հաշվով, որից հետո մեր թիմը, ինչպես նաև գերմանացիները շրջանցեցին ադրբեջանցիներին: Վերջին տուրից առաջ Գերմանիայի և Հայաստանի հավաքականները վաստակել են 13-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշով Հայաստանի հավաքականն առաջ է մրցակցից, քանի որ մրցաշարում անցկացրած բոլոր պարտիաների հանրագումարով հայաստանցիները վաստակել են 21 միավոր, մինչդեռ գերմանացիները մեկ միավոր պակաս ունեն:

Վաղը՝ վերջին տուրում, Հայաստանի հավաքականը մրցելու է Գերմանիայի ընտրանու հետ: Հաղթողը նվաճում է չեմպիոնի կոչումը: Կան տարբերակներ, որոնց դեպքում հայաստանցիները Եվրոպայի չեմպիոն կհռչակվեն նաև ոչ-ոքիի դեպքում: