Home / Հայաստան / Բժշկականի ռեկտորը փոխվել է, բարքերը` ոչ

Բժշկականի ռեկտորը փոխվել է, բարքերը` ոչ

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առողջացման ծրագիր է իրականացվում, որի նպատակը համալսարանը միլիոնավոր դոլարների հասնող պարտքերից ազատելն է:  Այդ պարտքերը գոյացել են նախկին ռեկտոր`գործարար Սամվել Մայրապետյանի տիկնոջ` Գոհար Քյալյանի պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով` համալսարանը հայաստանյան տարբեր բանկերի պարտք է մոտավորապես 3 միլիոն ԱՄՆ դոլար`չհաշված այդ գումարի վրա եկած տույժ ու տուգանքները: Մինչև համալսարանը չփակի իր պարտքերը`բուհի, ինչպես նաև  բուհի բալանսում գտնվող բուժհաստատությունների աշխատակիցները` բժիշկները չեն կարողանա նորմալ աշխատավարձ ստանալ:

«Հենց այս է պատճառը, որ բժիշկների վրա վերջերս «նալոգ» է դրվել. ստացվում է, որ Քյալյանի կերած միլիոնավոր դոլարները հիմա շարքային աշխատակիցների քթից են հանում` և´ աշխատավարձը չեն բարձրացնում, և’ մեխանիզմ են մտածում` ինչպես անել, որ բժիշկները  իրենց ստացած  «լևի» եկամուտներն էլ վճարեն համալսարանի  ընդհանուր բյուջեին»,-եզրակացնում է թերթը:

«ՉԻ»-ն նշում է, որ վերջերս թերթի խմբագրություն են սկսել գալ մարդիկ և պատմել, թե ինչպես են բժշկականում անցնում ժողովները և թե որքան գումար է ամսական իրենցից ուզում համալսարանի ղեկավարությունը: Եթե Քյալյանի օրոք այդ գները տատանվում էին 80-150 հազար դրամի շրջանակներում, հիմա խոսք է գնում 300-600 հազար դրամի հասնող «նալոգների» մասին: Բայց «նալոգների» բարձրացումը միակ փոփոխությունը չէ:

Օրաթերթի տեղեկություններով` Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը, որը մինչև ռեկտոր նշանակվելը  ղեկավարում էր Առողջապահության ինստիտուտը, սկսել է «բարեփոխումներ» իրականացնել նաև իր նախկին աշխատավայրում: Թվում է, թե նա այլևս չպետք է կարողանար դերակատարություն ունենալ Առողջապահության ինստիտուտում, ավելին`այնտեղ կադրային հարցեր որոշեր, սակայն այս դեպքում նա դեռ շարունակում է իր «շեֆի» դիրքերից միջամտել ինստիտուտի աշխատանքներին: Սա, թերևս, այն պատճառով, որ այնտեղ աշխատելու տարիներին նա հասցրել էր իր յուրայիններին տեղավորել ինստիտուտում, որոնց միջոցով էլ հիմա շարունակում է պահել իր ազդեցության ոլորտներն այնտեղ: Դերենիկ Դումանյանին հանձնարարական են տվել կրճատումներ իրականացնել և մոտավորապես 40 աշխատակցի տուն ուղարկել: Դումանյանն էլ վերցրել է ու «կրճատել է տվել» Առողջապահության ինստիտուտի աշխատակիցներին: Ամենաուշագրավն այն է, որ կրճատվել են հիմնականում երիտասարդներ. հունվարի 1-ից նրանց հետ կնքած պայմանագրերն այլևս չեն թարմացվելու, և նրանք կհամալրեն գործազուրկների շարքերը: Ի դեպ` ինստիտուտում մեծ թիվ են կազմում թոշակառուները. 70-ն անց մարդիկ կան, որոնք գրեթե ի վիճակի չեն աշխատել, և չնայած  դրան` դումանյանականները չեն զլացել կրճատել հենց երիտասարդներին:

Հավելենք, որ Առողջապահության ինստիտուտում փակվել են մի շարք ամբիոններ, ավելի ճիշտ` դրանք տեղափոխվել են բժշկական համալսարան: