Home / Հայաստան / Սյունիքի մարզպետը նարկոման է, հայտարարում է Սիլվա Համբարձումյանը

Սյունիքի մարզպետը նարկոման է, հայտարարում է Սիլվա Համբարձումյանը

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ դատի է տալու գործարար Սիլվա Համբարձումյանին, ով մեղադրում է իրեն  Լիճքվազ-Թեյի հանքավայրից 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում գողանալու մեջ:

Խաչատրյանը հայտնել է օրաթերթին, որ ինքը ոչ թե գողացել է այդ սարքավորումը, այլ գնել է: «Նո հոգեկան հիվանդ ա, ու ես երկուշաբթի օրը դատի եմ տալու իրան: Թող գա, դատարանում ապացուցի, որ գողացել եմ», – ասել է մարզպետը: Խաչատրյանի հայտարարությանն ի պատասխան, Համբարձումյանն ասել է, որ ինքը չի վախենում դատարանում իրականությունը բացահայտելուց:

«Թող դատի տա, հարց չունեմ, ես երջանիկ կլինեմ, որ էնտեղ էլ խայտառակվի», -ասել է գործարարը:

Համբարձումյանը, խոսելով Սյունիքի մարզպետի մասին, նաև նշել է, որ վերջինս նարկոման է.

«Ինքը հայտնի նարկոման է, եթե չգիտեք, ասեմ: Իր եղբայրը, տղան, բոլորը նարկոման են, իր տղային թմրամոլության համար բռնել, բաց են թողել», – ասել է Համբարձումյանը:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, թե Համբարձումյանն ասել է, որ մանկապղծության մեջ մեղավոր ճանաչված Սերոբ Տեր-Պողոսյանի կինը`Մադլեն Թաշչյանը 1999 թվականի մասին մանրամասներ գիտի և պատրաստվում է բացահայտել դրանք, եթե ամուսնուն չազատեն, գործարարը պատասխանել է, որ, խոսելով 1999 թվականի մասին, ինքը «հոկտեմբերի 27»-ը չի հիշատկել` պարզապես նշելով տարեթիվը: Համբարձումյանը հայտարարել է, որ պատրաստ է դատարան գնալ նաև Մադլենի հետ, ով իրեն մեղադրում է իր անունից կեղծ հայտարարություններ անելու մեջ:

«Մադլենն էլ թող դատի տա, ես իր ընկերուհուն արդեն ասել եմ, նա էլ ասաց` ես կգամ, վկայություն կտամ դատարանում: Մադլենն ինձ չի ճանաչում, եթե հիշում եք` ես ասացի, որ իրեն չեմ ճանաչում, բայց ինքը «Մարիոթ»-ում սենց, սենց հայտարարություններ էր անում, երբ Սերոբին բռնել էին. ու անցել էր ընդամենը 10 օր»,- ասել է գործարարը:

Թերթի այն հարցին, թե ինչու Մադլենն այդպես արձագանքեց, Համբարձումյանը պատասխանել է. «Իրեն հնարավոր է`սովորեցրեցին. 80-ն անց կին է, ոչ թերթ է կարդում, ոչ ՀՀ քաղաքացի է. Մադլենն է հարուստ, Սերոբը ոչինչ չի ունեցել, ես իրեն կհիշեցնեմ դատարանում»:

Թե կոնկրետ ինչ կարող է բացահայտել Մադլեն Թաշչյանը, Համբարձումյանը չի նշել:

Լուսանկարը` hetq.am