Home / Հայաստան / «Խմիչքին նորմալ եմ վերաբերվում». Վարչապետը՝ պապու խորհուրդների, հարվածող արձագանքի և խոտանի մասին

«Խմիչքին նորմալ եմ վերաբերվում». Վարչապետը՝ պապու խորհուրդների, հարվածող արձագանքի և խոտանի մասին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին իր պապը խորհուրդ էր տալիս ընկերություն չանել այն մարդկանց հետ, որոնք չեն խմում: Այս մասին Սարգսյանը հայտարարել է այսօր ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանից հետո կայացած լրագրողների հետ զրույցում:

Վերջիններս հետաքրքրվել են վարչապետից, թե արդյոք վարչապետը խմած է եղել ուրբաթ օրը մարզահամերգային համալիրում հնչեցրած ելույթի ժամանակ:

«Դրա համար էլ խմիչքին նորմալ եմ վերաբերվում, երկրորդը` այդ միջոցառման ժամանակ իսկապես տեխնիկական խնդիր առաջացավ: Մեր թիմը, որը նախապատրաստել էր այդ միջոցառումը, հաշվի չէր առել, որ կարող էր այդպիսի տեխնիկական խոտան առաջանալ, որովհետև բեմը գտնվում էր ուղղակի մեր տրիբունայի դեմ դիմաց, և բոլոր սարքավորումները և բարձրախոսները հեռու էին գտնվում: Եվ երբ սկսեցի խոսել,  ապա արձագանքը այնքան ուժեղ էր և  հարվածում էր ինձ, որ ես ուղղակի չէի կարողանում լսել, թե ինչ նախադասություններ եմ արտասանում, և դա, իհարկե, մեր թիմի թույլ տված թերությունն էր: Հաշվի չէին առել, որ նման խնդիր կլինի», – ասել է վարչապետը:

Նա նշել է, որ իր քաղաքական հրապարակային ելույթների փորձառության  քսաներկու տարվա մեջ այսպիսի միջադեպ չի եղել, և սա էլ մի դաս էր, որը  հաշվի կառնի:

«Անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի էր այն աժիոտաժը, որ բարձրացել էր:  Հազարավոր մարդիկ էին մասնակցել այդ միջոցառմանը, ես էլ մենակ չէի գնացել այդ միջոցառմանը, հարյուրավոր ներկաներ կային, եթե անսթափ  վիճակում լինեի,  բոլորը կտեսնեին, և թաքցնելու բան էլ չկար: Բայց դե հիմա բոլորը ասում են՝ ինչ ա եղել, խմել ա, թող ասի՝ խմել ա, բա հիմա այն մարդիկ որոնք իմ հետ էին և տեսնում էին, որ ես խմած չեմ, բա չեն ասի՝ վարչապետը սուտ ա խոսում: Աշխարհի բոլոր մարդկանց ժուռնալիստները գնացել են, հարցրել են խմած էի, թե խմած չէի, այն մարդկանց, որոնք իմ կողքը նստած էին: Ցավոք, խմած չէի»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը որևէ մեկին դատի է տալու տեխնիկական խոտանի համար, նշել է, որ իմաստ չունի այդտեղ որոնել դավադրություն: Նա համոզմունք է հայտնել, որ նման բան չկա, և կրկին հավաստիացրել, որ փորձը հաշվի կառնեն: