Home / Հայաստան / «Դաշնակցությունը» 2012թ. բյուջեում «սարսափելի բաներ» է հայտնաբերել

«Դաշնակցությունը» 2012թ. բյուջեում «սարսափելի բաներ» է հայտնաբերել

2012թ. պետական բյուջեին «Դաշնակցությունը» դեմ է, որովհետև այն ոչ միայն չի պատասխանում երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, այն նաև սոցիալապես անընդունելի առաջարկներ է  ներկայացնում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Ժողովրդագրական առումով բյուջեի ուղերձում մի սարսափելի բան է  արձանագրվել, այն, որ նաև առանձին քաղաքական ուժեր այնպիսի հռետորաբանություն են կիրառում, կարծես թե ծննդաբերությունը անվճար է դարձել իրենց վարքագծով, կամ քիչ է մնացել ասեն, որ հայ ժողովուրդը ծննդաբերում է, որովհետև իրենք կան: Այսպիսի մոտեցումների արդյունքում մենք 2012 թվականի բյուջեի նախագծում ունենք հետընթաց՝ ծնունդների հարցում: Եթե այդքան արդյունավետ էր այդ համակարգը, ինչո՞ւ է  հայ հասարակությունը որոշել չունենալ երեխաներ մեծ հաշվով, կամ ունենալ ավելի քիչ երեխաներ, քան թե նախորդ ժամանակահատվածում էր»,- ասել է Արծվիկ Մինասյանը

Անդրադառնալով «Դաշնակցության» հասցեին հնչող մեղադրանքներին, Մինասյանը, մասնավորապես, ասել է, որ քաղաքական մեծամասնության առանձին ներկայացուցիչներ փորձում են իրենց տգիտությունը արտահայտել՝  հրապարակելով, թե «Դաշնակցությունը» պոպուլիստական մոտեցումներով է  շարժվում:

«Առնվազն մարդ կամ պետք է չհասկանա, թե ինչի մասին է  խոսում, կամ հասկանալով հանդերձ՝  իրեն դնի այլ մի երևույթի կամ այլ արարածի տեղ, որպեսզի այդպիսի հայտարարություն անի»,- ասել է Մինասյանը: Ըստ նրա` այսօրվա կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը չեն կատարել իրենց նախընտրական խոստումները և հետևաբար, «հիմա իրենցից ո՞վ է  ավելի պոպուլիստ»: