Home / Հայաստան / Ադրբեջանում սպասում են Հայաստանի սնանկացմանը

Ադրբեջանում սպասում են Հայաստանի սնանկացմանը

Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական գործողությունների վերսկսման շատ փոքր հավանականություն կա, ArmRADIO-FM107 ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը:

«Այս տարվա հուլիսին ես Բաքվում էի, և Կազանից հետո նրանց արձագանքը հետևյալն էր` նրանք պատերազմ չեն ցանկանում և զենքի վրա փող են ծախսում ոչ թե պատերազմելու նպատակով, այլ որպեսզի ստիպեն Հայաստանին զենքի մրցարշավի մեջ մտնել և սնանկանալ: Կարծում եմ, որ Ադրբեջանը պատրանքների մեջ է», – ասել է դե Վաալը:

Փորձագետի խոսքով` անկախ ֆինանսական հնարավորություններից, հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնա: «Եթե 10-15 տարով հետ գնանք, միանշանակ կարող ենք ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավասար էին իրենց հնարավորություններով: Հիմա Ադրբեջանը ակնհայտորեն ավելի հարուստ և ուժեղ երկիր է: Սակայն արդյո՞ք կարելի է սա կապել ղարաբաղյան խնդրի հետ: Ոչ, չեմ կարծում, որովհետև, անգամ եթե Հայաստանը ավելի աղքատ է և ավելի թույլ, Ղարաբաղի պաշտպանության համար այն կանի ամեն հնարավոր բան: Եվ թեև ես չեմ կարծում, որ Հայաստանը լավ սոցիալ տնտեսական հեռանկարներ ունի, միաժամանակ չեմ էլ կարծում, որ Հայաստանը ստիպված կլինի զիջել Ղարաբաղը»,-եզրակացրել է քաղաքագետը:

 Լուսանկարը` atamanchik77