Home / Հայաստան / Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ գերմրցաշարում

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ գերմրցաշարում

Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում անցնող Միխայիլ Տալի հիշատակին նվիրված գերմրցաշարի 3-րդ տուրում իր առաջին հաղթանակը տարավ: Արոնյանը սևերով 57-րդ քայլին պարտության մատնեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին:

Երրորդ տուրն ընդհանարպես շատ արդյունավետ ստացվեց սևով հանդես եկող շախմատիստների համար. ռուսաստանցի Պետր Սվիդլերը հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային, իսկ մեկ այլ ռուսաստանցի Սերգեյ Կարյակին պարտության մատնեց իսրայելցի Բորիս Գելֆանդին:

Հնդկաստանցի վիշվանաթան Անանդը և նորվեգացի Մագնուս Կառլսենն իրենց պարտիաները ոչ-ոքիներով ավարտեցին, համապատասխանաբար, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչիի և Վլադիմիր Կրամնիկի հետ:

Երեք տուրից հետո 4 գրոսմայստերներ՝ Արոնյանը, Կարյակինը, Նեպոմնյաշչին և Կառլսենը 2-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Կես միավոր պակաս են վաստակել Սվիդլերը, Անանդն ու Իվանչուկը, մեկ միավոր ունեն Կրամնիկն ու Նակամուրան, կես միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Գելֆանդը:

5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով մրցելու է Հիկարու Նակամուրայի հետ: