Home / Հայաստան / Քրիստոսով դեպի Սահմանադրություն. Փաշինյանի գործող երազանքի բանաձևը

Քրիստոսով դեպի Սահմանադրություն. Փաշինյանի գործող երազանքի բանաձևը

«Փոքր Խորհուրդ» հասարակական-գաղափարական խումբն այս շաբաթ հյուրընկալել էր ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին, ով ներկայացրեց «1+1+1+…» ռազմավարության գաղափարը:

Բանախոսը ընդծում էր, որ «1+»-ն ունի քրիստոնեական արմատներ. նա հիշեցրեց Քրիստոսի բառերն այն մասին, որ ինքը չի եկել աշխարհին հաստատելու խաղաղություն, այլ՝ սուր, «որ բաժանեմ որդուն հորից, և դստերը՝ իր մորից, և հարսին` սկեսուրից…»: Այսինքն` ամեն մեկը պետք է բաժանվի, պոկվի ինչ-որ տեղից և որպես անհատ միավորվի ուրիշ տեղում, որտեղ բոլորը պատասխանատու են իրենց արարքի համար, բացատրել է նա:

«Պետք է մեկը պոկվի այդ հուսահատությունից, որպեսզի իրեն միանան: Դա խաչվելու գիտակցված ընտրությունն է, գիտակցված չխուսափումը խաչվելուց: Եթե չկա մեկը, մյուսները այլընտրանք չեն ունենում», – ասել է Փաշինյանը:

Միևնույն ժամանակ ընդդիմադիրն ընգծեց, որ իրենց գլխավոր գաղափարը Սահմանադրությունն է, որը ենթադրում է յուրաքանչյուրի մասնակցությունը որոշումների կայացման մեջ: Սահմանադորւթյունը, ըստ բանախոսի, ստատիկ չէ, այն կարող է փոփոխության ենթարկվել յուրաքանչյուր փուլում, իսկ անփոփոխ պետք է լինեն միայն երեք հոդվածները. 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Հոդված 114. Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:

Փաշինյանը նշեց, որ «1+»-ը ծնվել է 2007-ին` հուսահատության մթնոլորտում, երբ մարդկանց միջև տարածում ունեին «Էս ժողովուրդը ժողովուրդ չէ», «Ոչինչ չի փոխվի» և նման կարգի արտահայտությունները:

«Ամբոխին ի հակադրություն, սա անհատների միավորումն է: Հրապարակի բազմությունը ամբոխ չէ, 1+1+1… միավորումն է, երբ ամեն մեկը որոշում է կայացնում, գիտակցված ընտրություն անում: Դա անհատի ջանքերը միացնելու միջավայր է:

Այսօրվա մեր հայրենիքը չնչին թվով մարդկանց երազանքի երկիրն է: «1+»-ը փորձում է դարձնել Հայաստանը առավելագույն մեծ թվով մարդկանց երազանքների երկիր: Շարժումը` դա երազանքների խառնարան է, որում ձևավորվում է օպտիմալ երազանք: Այժմ Սահմանադրությունը իբրև երազանք ինձ բավարարում է: Երազանքը` դա երկրի, ապագայի մասին երազանք ընտրելու կամ երազանքները միախառնելու իրավունքն ու հնարավորությունն է, մարդն է, նրա արժանապատվությունը, որը պաշտպանված է պետության կողմից», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` որպես օրինակ նշելով, որ սթիվջոբսեր Հայաստանում այսօր էլ կարող են ծնվել, սակայն այստեղ անհնար է iPhone արտադրել: