Home / Հայաստան / Խելագարված զինվորին օգնելու պետության խոստումները մնացին օդում. քննիչը զանգերին չի պատասխանում

Խելագարված զինվորին օգնելու պետության խոստումները մնացին օդում. քննիչը զանգերին չի պատասխանում

Հուլիսին Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի մոտ հոգեբուժարանից դուրս գրվելուց հետո զգալի փոփոխություններ են նկատվում. նա նորմալ սնվում է, կարգավորվել է քունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հովհաննեսի հայրը` Վարդան Վարդանյանը: Նրա խոսքով` կարևորն այն է, որ իր որդին տանն է` իր անմիջական հսկողության ներքո:

«Օրվա մեծ մասը Հովհաննեսը քնած է, քանի որ հոգեմետ դեղերի մեծ չափաբաժին է ընդունում`օրական չորս անգամ: Դեղերը գնում եմ դեղատնից` իմ միջոցներով` բժշկի նշանակած դեղատոմսով (իմիջիայլոց, շատ թանկարժեք դեղեր են): Ինչ վերաբերում է անվճար դեղեր ձեռք բերելուն, պիտի նշեմ, որ մինչև կարգ չունենա, անվճար դեղեր ստանալ չենք կարող», – պատմել է Վ.Վարդանյանը:

Նրա խոսքով` բացի տարածքային բժշկի մոտ բուժումներ ստանալուց, Հովհաննեսը բուժման կուրս է անցնում նաև մասնավոր հոգեբույժ-հոգեբանի մոտ.

«Բժիշկն ասում է, որ ամեն ինչ կախված է ժամանակից, ու հարյուր տոկոսանոց երաշխիք տալ չի կարող: Նա խոստացել է Հովհաննեսին բերել այն վիճակի, որ գոնե կարողանա ինքնուրույն դուրս գալ, շփվել ընկերների հետ, մի խոսքով` չդառնա ծիծաղի առարկա», – ասել է նա:

Վարդան Վարդանյանը ցավով է փաստում, որ դեպքից հետո տղային օգնություն ցույց տալու շատ խոստումներ հնչեցին և այդպես էլ մնացին օդում կախված.

«Պաշտպանության նախարարությունից ու պետությունից մինչ օրս որևէ օգնություն չեմ  ստացել`որևէ կերպ չեն աջակցել, փոխարենը օգնել են ժողովուրդը և  տարբեր բարերարներ` անգամ իսկ ԱՄՆ-ից: Շատ թանկարժեք դեղեր են ուղարկել, որոնք սեփական միջոցներով ձեռք բերել հաստատ չէի կարողանա: Բոլոր բարերարների  անունները մեկառմեկ գրել եմ, որ երբ Հովհաննեսը մի փոքր կազդուրվի, անձամբ զանգի ու շնորհակալություն հայտնի», -ընդծել է նա:

Ինչ վերաբերում է գործի քննությանը, Վ. Վարդանյանը պատմում է, որ  ամսից ավել է, ինչ հեռախոսով զրուցել է քննիչի հետ, սակայն որևէ տեղաշարժ չի տեսնում:

«Երկու անգամ զանգել եմ  քննիչին, սակայն զանգերիս չի պատասխանում: Մեկ անգամ ևս կփորձեմ  զանգ տալ, եթե չպատասխանի, կդիմեմ բոլոր պատկան մարմիններին: Եթե փորձում են ժամանակ շահել ու կոծկել նախաքննությունը, ապա ասեմ, որ չարաչար սխալվում են`գլխիս տակ փափուկ բարձ դնելով: Շատերն են հորդորել հետ կանգնել  մեղավորներին պատժելու մտքից` ասելով, որ միևնույն է, դրանից տղայիս վիճակը չի թեթևանա, սակայն ես պայքարելու եմ, որպեսզի արժանի պատիժ կրեն բոլոր նրանք, ովքեր առնչություն ունեն այս գործին, հակառակ դեպքում նման թողտվության պայմաններում ցանկացածի երեխան կարող է ենթարկվել նման բռնությունների»,- ընդգծել է Հովհաննեսի հայրը:

Ինչ վերաբերում է  Հովհաննեսի բուժումը արտերկրում շարունակելուն, Վարդան Վարդանյանը լիահույս է, որ կգտնվի բարեխիղճ մեկը, ով  կաջակցի իրենց, քանի որ սեփական միջոցները բավականցնում են միայն դեղերին ու առօրյա հոգսերը հոգալուն:

Epress.am-ը զրուցել է «Հոգեբուժական բժշկական կենտրոն»-ի «Նորք» հոգեբուժական կլինիկայի տնօրեն Անաիդա Գևորգյանի հետ, ով  Հովհաննեսի վիճակը գնահատել է բավարար.

«Հովհաննեսը շարունակելու է բուժումը տնային պայմաններում` տարածքային բժշկի անմիջական հսկողության ներքո: Հաշվի առնելով այն փաստը, որ տղան  հոգեբուժարանում անցել էր բուժման քսանչորս օրը, մենք ընդառաջեցինք նրա հոր հորդորներին և թույլ տվեցինք որդուն տուն տանել», – ասել է Անաիդա Գևորգյանը:

Ինչ վերաբերում է հասարակության համար վտանգավոր լինելուն, ապա, բժշկի խոսքով, յուրաքանչյուր առողջ մարդ իրենից պոտենցիալ վտանգ է ներկայացնում, հիվանդները նույնպես:

«Առողջները երբեմն ավելի շատ են հակված իրավախախտումների, քան  հոգեկան տարբեր շեղումներով  տառապողները, քանի որ հիվանդների նկատմամբ մեծ է ուշադրությունը թե ընտանիքի անդամների, թե շրջապատի կողմից, իսկ առողջները   վերահսկողությունից դուրս են և կարող են  տարատեսակ սխալներ թույլ տալ», -եզրափակել է Անաիդա Գևորգյանը: