Home / Հայաստան / «Ժառանգությունն» ու բնապահպանները չօգնեցին. Ընդերքի մասին օրենսգիրքն ընդունվեց

«Ժառանգությունն» ու բնապահպանները չօգնեցին. Ընդերքի մասին օրենսգիրքն ընդունվեց

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը կոչ է արել չընդունել Ազգային Ժողովին կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարված  ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում դրված Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրքը:

Քննարկման ժամանակ Ազգային Ժողովի շենքի մոտ հավաքվել էին բազմաթիվ բնապահպաններ ու հասարակական ակտիվիստներ, որոնք պահանջում էին հրաժարվել օրենսգրքի ընդունումից:

«Սա պարզապես մեր ընդերքը բարբարոսաբար շահագործելու և էկոլոգիային մեծ վնասներ հասցնելու մասին մի օրինագիծ է, որտեղ, եթե ոչինչ չասեմ, միայն այն, որ լցակույտերի անվան տակ թափոնները նվիրվում են Հայաստանին, սա արդեն իսկ խոսում է ամեն ինչի մասին: Մենք առաջարկում ենք դեմ քվեարկել այս օրենսգրքին, ականջալուր լինել մեր հասարակությանը և նրա ակտիվիստներին և հետ տանել այս օրինագիծը: Ընդհանուր առմամբ կցանկանայի, որպեսզի կառավարությունը ինքը խոհեմ  գտնվեր և ետ վերցներ այս օրինագիծը», – հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` նշելով, որ իրենք, ամեն դեպքում, դեմ են քվեարկելու:

Այնուամենայնիվ, նախագիծը քվեարկության դրվեց և ընդունվեց ձայների մեծամասնությամբ: