Home / Հայաստան / Նախարարն ուշացավ քննարկումից. Նախագիծն ընթերցվեց օրենքի խախտմամբ

Նախարարն ուշացավ քննարկումից. Նախագիծն ընթերցվեց օրենքի խախտմամբ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր ընթերցվեց ԱԺ կանոկակարգի խախտմամբ: Բանն այն է, որ օրինագծի հիմնական զեկուցող ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ուշացել էր, և ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, իր իսկ խոստովանությամբ, ժամանակ շահելու համար սկսեց ընթերցել այն օրինագծերը, որոնք այսօր պետք է քննարկվեին ԱԺ-ում, սակայն այդ ժամանակահատվածում ևս նախարարը չեկավ:

Նախարարի ժամանելուց հետո եկավ ընդմիջման ժամը, և նա իր զեկույցն ընթերցեց ընդմիջումից հետո: Մինչ նախարարը կսկսեր խոսել, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց, սակայն նիստը նախագահողները նրան խոսելու իրավունք չտվեցին: Սաֆարյանին խոսելու հնարավորություն տրվեց միայն նախարարին հարց ուղղելու ժամանակ:

Արձանագրելով կանոնակարգի խախտումը` Սաֆարյանը «Ժառանգության» անունից հորդորել է նախարարին,  որպեսզի վերջինս դիմի  ԱԺ-ի նախագահությանը վաղն առաջին ընթերցմամբ ներկայացված նախագիծը չընդունելու առաջարկով: Սաֆարյանի առաջարկը չընդունվեց: