Home / Հայաստան / «Իրար մեջ ենք ապրում». Սերժ Սարգսյանն ուրախ է ըմբոշխնել վրացի բարեկամների հարգանքը

«Իրար մեջ ենք ապրում». Սերժ Սարգսյանն ուրախ է ըմբոշխնել վրացի բարեկամների հարգանքը

Այս տարին Հայաստանի  և Վրաստանի միջև համագործակցության ակտիվության առումով աննախադեպ է: Այս մասին այսօր Վրաստանում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Տարվա ընթացքում ստորագրվել է վեց փաստաթուղթ, իսկ այսօր այցի շրջանակներում՝  ևս չորսը: Եվ զուտ այդ իրավապայմանագրային դաշտի առումով մենք հասել ենք շատ բարձր մակարդակի:

Դրանցից կուզենայի առանձնացնել հատկապես Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև սահմանային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Այն թելադրված է երկու սահմանապահ ծառայությունների միջև սերտ փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությամբ և կնպաստի մերձսահմանային գյուղերի բնակիչների խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների կատարելագործմանը: Գաղտնիք չէ, որ շատ տեղերում, ինչպես ասում են՝ «իրար մեջ ենք ապրում», և խնդիրներ չառաջանալու նպատակով է հենց այսպիսի փաստաթուղթ ստորագրվում», – ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքով` Սահակաշվիլիի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր:

«Գնահատանքով անդրադարձանք մեր առևտրա-տնտեսական համագործակցության դրական տեղաշարժին՝ այս տարվա տվյալներով ավելի քան 20 տոկոսի աճ, թեպետ, պետք է նշեմ՝ այն ֆիզիկական ծավալները, որ այսօր գոյություն ունեն մեր երկու երկրների միջև, ես նկատի ունեմ առևտրաշրջանառության, քիչ են թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար: Շատ փոքր ցուցանիշ է, և վստահ եմ, որ մենք ունենք խնդիրներ, որոնց լուծման պարագայում, իրոք, կարող ենք ճեղքում ապահովել:  Ապրանքաշրջանառության աճը, ներդրումների ընդլայնումը, տնտեսական և գիտատեխնոլոգիական ինտեգրումը մենք դիտարկում ենք որպես մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման կարևոր ուղղություններ: Առաջնահերթ նշանակություն ենք տալիս նաև Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, անշուշտ, նաև մշակույթը:

Գալիք ամիսներին մենք մեկնարկում ենք Հյուսիս­հարավ լավագույն չափանիշներով ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, որը, միանալով Վրաստանի տարածքում Նինոծմինդա­Բաթումի վերանորոգվող ավտոճանապարհի հետ, հնարավոր կդարձնի Պարսից ծոցից դեպի Վրաստանի նավահանգիստներ բեռների արագ և հարմարավետ տեղափոխումը: Բնականաբար, Վրաստանում արդեն գիտեն, թե ինչ է նշանակում եվրոպական չափանիշներով ավտոմայրուղի, և կարծում եմ՝ հենց հաջորդ տարի Հայաստանի բնակչությունը կտեսնի այդպիսի ենթակառուցվածքների առավելությունը: Քայլեր ենք ձեռնարկում նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի սինխրոնացման ուղղությամբ: Սա էլ չափազանց կարևոր հանգամանք է:

Հայաստանն ու Վրաստանն իրենց հարաբերությունները կառուցում են բարիդրացիության և երկարատև ու շահավետ համագործակցության ոգով: Մեր համագործակցության կարևոր բաղադրիչն է մեր պետությունների անվտանգության ապահովման, տարածաշրջանում կայունության, ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու շուրջ ծավալված անկեղծ երկխոսությունն ու կոնկրետ, պրակտիկ աշխատանքը:

Քննարկեցինք նաև տարածաշրջանային համագործակցության հեռանկարները՝ միանշանակ արձանագրելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանը և հակամարտությունների կարգավորման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Ես քիչ առաջ բանակցությունների ժամանակ ասացի, որ ամեն անգամ գալով Վրաստան՝ համոզվում եմ, որ մենք շատ քիչ ենք շփվում: Իմ ցանկությունն է, որպեսզի գոնե տարին մի քանի անգամ բոլոր մակարդակի ղեկավարները հանդիպեն, որովհետև դա անհրաժեշտ է ոչ միայն որոշակի խնդիրներ լուծելու համար, այլ անհրաժեշտ է նաև երիտասարդ սերնդին ի ցույց դնելու մեր հարաբերությունների բարձր մակարդակը: Շնորհակալ եմ Վրաստանի ղեկավարությանը՝ մշտապես բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Ես նաև պարոն Նախագահին ասացի, որ մեզ համար երկու-երեք շատ սկզբունքային հարցերում այս տարի մենք առաջընթաց արձանագրեցինք, ինչի համար շատ շնորհակալ եմ թե՛ Նախագահին, թե՛ Վրաստանի կառավարությանը:  Շնորհակալ եմ այսպիսի մթնոլորտի, մեր հարաբերությունների համար և ուրախ եմ, որ այս մեկ-երկու օրվա ընթացքում ըմբոշխնելու եմ իմ վրացի բարեկամների հարգանքն ու վերաբերմունքը», – ասել է Սերժ Սարգսյանը: