Home / Հայաստան / Օրենք խախտելը` գենետիկական հատկություն. Ինչի հիման վրա են տղամարդուն 10 տարով ազատազրկել

Օրենք խախտելը` գենետիկական հատկություն. Ինչի հիման վրա են տղամարդուն 10 տարով ազատազրկել

Ավարտվեց Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում  գտնվող քրեական գործի քննությունը` ըստ մեղադրանքի Ավետիք Հովհաննիսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3 մասի 1 կետով:

«Հելսինկյան ասոցիացիայի» փոխանցմամբ` դատարանը հաստատեց քրեական գործից անտեղյակ դատախազ Տիգրան Հովհաննիսյանի անհիմն մեղադրանքը և, Հովհաննիսյանին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքով, դատապարտեց ազատազրկման` 10 տարի ժամկետով: Մինչդեռ, ըստ մեղադրյալի շահերը պաշտպանող փաստաբաններ Նինա Կարապետյանցի ու Գայանե Խաչատրյանի, քրեական գործում ամբաստանյալի մեղքը հիմնավորող որևէ ապացույց չկա, բացի դատապարտյալներ Ս.Գասպարյանի և Խ.Մակարյանի` խոշտանգումների արդյունքում տրված զրպարտչական ցուցմունքներից, որից վերջիններս դատաքննության ընթացքում հրաժարվեցին, պատճառաբանելով, որ Ա.Հովհաննիսյանին զրպարտել են ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելուց հետո:

Ա.Հովհաննիսյանին  մեղադրանք են առաջադրել է այն բանի համար, որ վերջինս զենքի գործադրմամբ, առանձնապես խոշոր չափերի գույք ակնհայտ հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության գալով դատապարտյալներ Սուրեն Գասպարյանի և Խաչատուր Մակարյանի հետ, 2009 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 18-ի սահմաններում, գնացել են Վալյա Ամիրխանյանին պատկանող  բնակարան՝  ավազակային հարձակում կատարելու նպատակով:

«Հելսինկյան ասոցիացիան» հատուկ ընդգծում է, որ քրեական գործով նախագահող դատավորն էր զինվորական դատախազ` Գևորգ Կոստանյանի հայր Սուրեն Կոստանյանը:

«Թերևս անհրաժեշտություն չէր առաջանա նշել այս երկու պաշտոնատար անձանց ազգակցական կապի մասին, եթե վերջիններիս աշխատելաոճը տարբեր լիներ: Ցավոք, նաև դրա անհրաժեշտությունը չէր առաջանա, եթե վերջիններս արդարացի որոշումներ կայացնեին և ոչ թե սատարեին դատախազության ապօրինի գործունեությանը: Այժմ պարզ է, որ Կոստանյանների մոտ օրենք խախտելը գենետիկական հատկություն է», – նշում են «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբանները: