Home / Հայաստան / Բելգիացի ակտիվիստին ազատ են արձակել, բայց անձնագիրը չեն վերադարձրել (թարմացված)

Բելգիացի ակտիվիստին ազատ են արձակել, բայց անձնագիրը չեն վերադարձրել (թարմացված)

20.50 Բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեին քաղաքից չբացակայելու ստորագրություն վերցնելուց հետո ազատ են արձակել: Վադեվալեի կինը` Գայանե Վարդանյանը, Epress.am-ին տեղեկացրել է, որ թեև ամուսնուն ազատ արձակեցին, բայց նրա անձնագիրը դեռևս չեն վերադարձրել:

19:10 Բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեն, ով այսօր առավոտյան տեղափոխվել է Մաշտոցի ոստիկանություն, հրաժարվել է ցուցմունք տալուց և առերեսումից, քանի որ առերեսման հրավիրվել են դպրոցի տնօրենն ու մի ուսուցչուհի, ովքեր դպրոցում տեղի ունեցած միջադեպին ներկա չեն եղել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Վադեվալեի կինը` Գայանե Վարդանյանը:

Այս պահին բելգիացու փաստաբանը դեռևս ոստիկանությունում է:

16:25 Այս պահին Մաշտոցի ոստիկանությունում հարցաքննում են բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեին: Հարցաքննությանը մասնակցում են Վադեվալեի փաստաբան Արմենուհի Առաքելյանը և արտոնագրված թարգմանիչը:

Նշենք, որ բելգիացի ակտիվիստի գործը գտնվում է  նաև Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ուշադրության կենտրոնում: Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Նինա Կարապետյանցը տեղեկացրել է, որ իրենք, տեղեկանալով, որ Վադեվալեի առողջական վիճակը վատ է և ոստիկանները շտապ օգնություն չեն կանչում, անմիջապես զանգաահրել են Մաշտոցի ոստիկանություն և պարզաբնում են խնդրել:

Ըստ Կարապետյանցի` ոստիկանությունից պատասխանել են, որ Վադեվալեն առողջական խնդիր չունի: «Հո մենք մեր գլխից ձեռ չենք քաշել, որ մարդը վատ զգա, շտապ օգնություն չկանչենք»,- ոստիկանների խոսքերն է փոխացել Նինա Կարապետյանցը:

15:05 Բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեն, ում նոյեմբերի 28-ին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, շարունակում է սպասել թարգմանչի:

Այսօր առավոտյան Ձերբակալվածների պահման վայրից նրան դարձյալ տեղափոխել են Մաշտոցի ոստիկանություն՝ հարցաքննության, սակայն քննիչը չի կարողանում հարցաքննել Վադեվալեին թարգմանչի բացակայության պատճառով:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, Մաշտոցի ոստիկանության հերթապահ մասում գտնվող Վադեվալեին կարողացել է տեսնել իր կինը` Գայանե Վարդանյանը, ով դուրս գալուց հետո տեղեկացրել է, որ ամուսինն իրեն վատ է զգում. նրա քթից արյուն է հոսում:

Կնոջ խոսքով` նա խնդրել է շտապօգնություն կանչել, սակայն ոստիկաններն արհամարհել են նրա խնդրանքը: Վերջիններս արգելել են նաև Վադեվալեին դեղեր փոխանցել` առաջարկելով դրանք խմել տեղում:

Դրանից հետո Գայանե Վարդանյանը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` տեղեկացնելու կատարվածի մասին: ՄԻՊ-ի գրասենյակից Վարդանյանին փոխանցել են, որ իրենք արդեն այդ մասին հաղորդագրություն ստացել են և այդ հարցով զբաղվում են:

Այս պահին Մաշտոցի ոստիկանության առջև հավաքված են Հայ Ազգային Կոնգրեսի մի խումբ ակտիվիստներ, որոնք պահանջում են ազատ արձակել Վադեվալեին: