Home / Հայաստան / Բանակում զոհված զինծառայողի մայրը պատրաստ է արտաշիրիմում անել

Բանակում զոհված զինծառայողի մայրը պատրաստ է արտաշիրիմում անել

2007 թվականի օգոստոսի 30-ին Կարճաղբյուրի զորամասում սպանված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը, երդվել է որդու գերեզմանով, որ եթե ճիշտ քննություն չլինի, հանելու է որդուն գերեզմանից, արտաշիրիմում է անելու: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը` տիկին Սարգսյանը:

Չորս տարի շարունակ զինծառայողի ծնողները բարձրաձայնում են, որ իրենց որդին չի էլեկտրահարվել, ինչպես նշվում էր պաշտոնական տեղեկատվության, ապա դատարանին որոշման մեջ, այլ նրան սպանել են:

Ծնողների խոսքով` իրենց վարկածի մասին վկայում է նաև Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից  ուղարկված փորձագիտական եզրակացությունը, որում նշված է, որ իրենց մասնագետները, այցելելով ՀՀ ՊՆ զորամասեր, չեն կարողացել տեսնել դեպքի վայրում եղած R419 ռադիոռելեյաին կայանը:

«Իրենք չնայած չեն տեսել, բայց քննիչի կողմից կայացրած որոշման մեջ հարցեր են տրված եղել փորձագետներին, որոնք շատ անսպասելի, բայց անկեղծ պատասխաններ են գրել, որ այդ կայանի մեջ հոսանք չէր կարող լինել, որ այդ կայանը չէր կարող հոսանք արտադրել, որ այդ ձգալարում չէր կարող հոսանք հայտնված լիներ ու իմ երեխան  ինքնըստինքյան այդ դեպքի վայրում չի էլեկտրահարվել: Հիմա ես քննիչին հարց եմ տալիս` ես հիմա կարո՞ղ եմ ասել, որ իմ երեխան այդ վայրում չի էլեկտրահարվել: Ասեց` տիկին Գոհար, կարող եք, բայց մենք ունենք դատաբժշկական  հանձնաժողովային եզրակացություն, որ 11 հոգուց բաղկացած է եղել, համաձայն որի էլեկտրահարում է: Ասում եմ` բայց չէ որ մեր հարցերին ամբողջությամբ չեն պատասխանել, կան հարցեր, որ  դուք քննչական  ճանապարհով պիտի լուծեիք ու ասենք, որ իմ երեխու ոտի բութ մատի տակ էլեկտրանիշ չկա, բա դուք ի՞նչ եք անելու, ասում ա` դեռ չգիտեմ»,- ասել է Գոհար Սարգսյանը:

Նա նշել է, որ այս պահին իրենք սպասում են, թե զինվորական դատախազն ինչ արձագանք կտա:

«Հիմա ՊՆ-ն,  դատախազությունը շատ մեծ անելիք ունի իմ տղայի գործով: Ինքը չկարողացավ ապացուցել, որ սա հոսանք է, իսկ այս տարիների իմ տանջանքը ինքը ինչո՞վ պիտի հատուցի ինձ: Ի վերջո, ի՞նչ է արել իմ երեխեն, որ հայոց բանակում արժանացել է տենց գազանաբար սպանության: Հանրահայտ  Հայկազ Բաղմանյանը, կորպուսի հրամանտար լինելով, շատ լավ տեղյակ է, թե ինչ է կատարվել իր Կարճաղբյուրի զորամասում  և ինչ ձևի գազանաբար են սպանել: Ես գազանաբար բառը նշում եմ, որովհետև ես ինքս նկարներից արդեն եզրակացնում եմ, որ իմ երեխեն դժբախտ պատահարի զոհ չի եղել: Ոչ մեկը չէր կարող իմ երեխու թևի շևրոնը պոկեր դներ գրպանը, ոչ մի զինվոր չէր կարող, դա հրամանատարի, գեներալի, կորպուսի հրամանատարի, ամբողջ անձնակազմի արած գործն ա: Նա պտի պատասխան տա»,- ասել է Գոհար Սարգսյանը: