Home / Հայաստան / Եվս մեկ հարձակում «Հայփոստի» վրա. գողացել են 27 միլիոն դրամ

Եվս մեկ հարձակում «Հայփոստի» վրա. գողացել են 27 միլիոն դրամ

Այսօր առավոտյան՝ ժամը 08.00-ի սահմաններում ավազակային հարձակում է  տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի վրա:

«Դիմակավորված անհայտ անձը՝ դանակի սպառնալիքով հափշտակել է բաժանմունքում եղած 27 միլիոն 117 հազար դրամն ու դիմել փախուստի: Տուժածներ չկան: Ձեռնարկվել են միջոցառումներ՝ հանցագործի ինքնությունը պարզելու կապակցությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175  հոդվածով (ավազակային հարձակում)», – Epress.am-ին տեղեկացրել է Կենտրոնի  ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմեն Մալխասյանը:

Հարցին, թե որքանով են փոխկապակցված այսօրվա և 3 օր առաջ Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Հայփոստի»  բաժանմունքի վրա տեղի ունեցած նմանատիպ հարձակումները, Արմեն Մալխասյանը պատասխանել է.

«Ոչինչ ասել չեմ կարող, ամեն ինչ պարզ կդառնա նախաքննության արդյունքում, բացահայտելու  համար արվում է հնարավոր ամեն բան»: