Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – «Գործ տվողնե՞ր, թե՞ ժողովրդին ծառայողներ». կարծիքներ օրինագծի մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ – «Գործ տվողնե՞ր, թե՞ ժողովրդին ծառայողներ». կարծիքներ օրինագծի մասին

Վերջին ամսվա ընթացքում «Ժառանգություն» կուսակցության կողմից շրջանառության մեջ դրված «Գաղտնազերծման մասին» օրինագիծը հասարակական քննարկումների առարկա դարձավ, իսկ ուրբաթ խորհրդարանական ընդդիմության ներկայացրած օրինագծի մասին իր կարծիքը հայտնեց ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ով քննադատել է օրինագիծը` նշելով, որ «ոչ մի հատուկ ծառայություն չի գործում և չի կարող գործել  առանց գործակալական ցանցի, և նույնիսկ նախկինում համագործակցած  գործակալների բացահայտման նախադեպը զգալի հարված կհասցնի անվտանգության ողջ համակարգին»:

Epress.am-ի հետ զրույցում «Գաղտնազերծման մասին» օրինագիծը և Գորիկ Հակոբյանի հայտարարությունը մեկնաբանել են ԱԱԾ նախկին փոխտնօրեն, անվտանգության գնդապետ Գուրգեն Եղիազարյանը, իրավապաշտպաններ Միքայել Դանիելյանը և Վարդան Հարությունյանը:

Գուրգեն Եղիազարյանի կարծիքով` «նման օրինագիծն ուղղակի դավաճանություն է»:

«Սա օրինագիծ չի, սա խայտառակություն է: Ես ձեզ կարող եմ ընթերցել, թե ինչ նկատի ունեն, երբ խոսում են լյուստրացիայի մասին: Առաջին հերթին, ընթերցում եմ` «պետական անվտանգության հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած, կամ համգործակցած անձանց գաղտնազերծումը»: Ինչ է սա նշանակում, սա նշանակում է, որ մենք պետք է գաղտնազերծենք բոլոր այն մարդկանց ցուցակները, ովքեր աշխատել են Սովետական Հայաստանի համար, հանուն իրենց երկրի: Այդ մարդիկ, եթե այսօր ողջ ու առողջ են, նույն ջանասիրությամբ աշխատում են Հայաստանի համար: Ո՞ւմ է սա ընդհանրապես հարկավոր, միգուցե ամենքին, բացի Հայաստանի ժողովրդից: Այս օրենքը կյանքի չի կոչվելու, սա այսպես էլ նախագիծ մնալու է, էս ամբողջ պատմությունը, լյուստրացիայի հետ կապված, ընդամենը փոթորիկ է մի բաժակ ջրի մեջ:  Եվ այս փոթորիկի հեղինակներն այդ բաժակով այլ նպատակ են հետապնդում:  Հնարավորինս կատարել պատվիրատուների պատվերը, և, ինչու ոչ, ամենայն հավանականությամբ դրա հիմքում շատ ուրիշ շահեր են ներդրված», – ասել է Եղիազարյանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը չի բացառում, որ օրենքի նախագիծը լրամշակման կամ փոփոխությունների ենթարկվելու կարիք ունի, և համարում է, որ լյուստրացիայի մասին օրենքն ուշացած է, բայց այն միևնույնն է ուշ չէ ընդունել:

«Կարծում եմ, որ գործակալական ցանց ասելով, առաջին հերթին, պետք է հասկացվի սովետական տարիների պետական անվտանգության այն բնագվառը, որը զբաղվել է  քաղաքական հետապնդումներով: Այսինքն` խոսքը գոնե իմ պատկերացումներով գնում է նրանց մասին, ովքեր, որ հավաքագրված են եղել որպես գործակալներ, ժողովրդական լեզվով ասած` «գործ տվողներ», ովքեր մասնակցել են, կազմակերպել են, աջակցել են մարդկանց քաղաքական հետապնդումներին: Նրանց մեղքով, նրանց պատճառով, նրանց սուտ, մտացածին կամ ոչ մտացածին գործունեության հետևանքով բազմաթիվ մարդիկ  ոչնչացվել են», – ասել է Հարությունյանը:

Միքայել Դանիելյանը նույնպես հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ լյուստրացիան վերաբերվում է «գործ տվողներին» կամ «ստուկաչներին»:

Իրավապաշտպանի կարծիքով` այդ անմեղ մարդկանց ճակատագրեր խորտակած անձանց բացահայտելն անհրաժեշտ է, բայց խոսքը չպետք է վերաբերի պրոֆեսիոնալ գործակալներին:

«Ես պրոֆեսիոնալ գործակալներին ձեռք չէի տա, կխոսեի նրանց մասին, ովքեր ժողովրդական լեզվով անվանվում են «ստուկաչ» կամ «գործ տվող»: Ամենավտանգավորը նրանք են, ովքեր աշխատավարձ չէին ստանում, բայց գործ էին տալիս: Նրանք պետք է հայտնաբերվեն, որովհետև վատ դեր են խաղացել տարբեր ընտանիքների և մարդկանց ճակատագրերում», – հայտարարել է Դանիելյանը: