Home / Հայաստան / Արտահերթ նիստ. ԱԺ նորընտիր նախագահն առաջին որոշումը ստորագրեց

Արտահերթ նիստ. ԱԺ նորընտիր նախագահն առաջին որոշումը ստորագրեց

Այսօր 14:30-ին պաշտոնապես հայտարարվեց ՀՀ Ազագային ժողովի նոր նախագահի անունը:

102 կողմ, 4 դեմ ձայներով Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը:

«Ժառանգության» կուսակցության թեկնածու Լարիսա Ալավերդյանի օգտին են քվեարկել 4 պատգամավոր, դեմ` 102:

Ինչպես և սպասվում էր, Նիկոյանի ընտրությունները ձևական բնույթ կրեցին, քանի որ Հանրապետական կուսակցությունը ճնշող մեծամասնություն է կազմում Ազգային ժողովում:

Նշենք, որ այսօրվա նիստին ներկա էին «Ժառանգության»  4 պատգամավորներ` Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը: «Ժառանգությունից» բացակայում էին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը:

Ընտրության արդյունքների հայտարարությունից հետո Սամվել Նիկոյանը Լարիսա Ալավերդյանին ծաղկեփունջ նվիրեց, և իր առաջին որոշումը ստորագրեց, որի համաձայն այսօր, ժամը 18:30-ին պետք է գումարվի արտահերթ նիստ, որի ընթացքում կընտրեն Ազգային ժողովի նախագահի տեղակալին: Նշենք, որ այդ ընտրություններն էլ ձևական բնույթ են կրելու, քանի որ ՀՀԿ-ն այդ պաշտոնում արդեն իսկ առաջադրել է Էդուարդ Շարմազանովին: