Գլխավոր / Հայաստան / Վարչապետը ճիշտ չի համարել մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը

Վարչապետը ճիշտ չի համարել մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը

Հայաստանում չկա որևիցե քաղաքական ճգնաժամ, որպեսզի կառավարությունը հրաժարական տա: Այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ կայացած հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը պահանջում է  կառավարության հրաժարականը:

«Չկա որևիցե մի պետություն, որտեղ կան կատարված ցուցանիշներ, դրա համար դա կոչվում է  ճգնաժամ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լրջագույն մարտահրավեր է  աշխարհի գրեթե բոլոր կառավարությունների համար, և շաբաթը մեկ բոլոր տնտեսական ցուցանիշները վերանայվում են: Այո, ցանկացած կառավարություն փորձում է շրջանցել ճգնաժամը, և մենք նույնպես փորձելու ենք շրջանցել ճգնաժամը, որքանով դա մեզ կհաջողվի, դրա մասին կդատեն մեր քաղաքացիները», — ասել է վարչապետը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Սամվել Նիկոյանի ընտրությունը կարելի է  դիտարկել նաև որպես վարչապետի հաղթանակ՝ նկատի ունենալով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Տիգրան Սարգսյանը զբաղվում է Նիկոյանի լոբբինգով, վարչապետը պատասխանել է.

«Ձեր երևակայությունը ոչ մի սահմաններ չունի, այդպիսի բան չկա: Դա ՀՀԿ-ի որոշումն է. հայտնի է, որ Սամվել Նիկոյանը շատ արդյունավետ աշխատել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում և շատ տրամաբանական է,  որ ԱԺ նախագահի հրաժարականից հետո վերջինիս պետք է փոխարինի Նիկոյանը: Իսկ կառավարության համագործակցությունը ԱԺ-ի հետ ես համարում եմ արդյունավետ»:

Պատասխանելով արտագաղթի մասին հարցին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանը լքել է 1 միլիոն 200 հազար քաղաքացի:

«Մենք այդտեղ ավելացման փուլ չենք մտել, այլ հակառակը՝ նվազեցման փուլ ենք մտել, որովհետև հիմնականում արտագաղթը 90-95 թվականներին է եղել», — նշել է գործադիրի ղեկավարը:

Խոսելով նաև Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 25-ին հնչեցրած ելույթի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերաբերող հատվածի մասին՝ Տիգրան Սարգսյանն ասել է.

«Կոնգրեսի առաջնորդը ներկայացրել է իր վերլուծությունը և կարծում եմ, որ սուբյեկտները, որոնք պետք է մեկնաբանեն այդ վերլուծությունը, ազատ են մեկնաբանությունների մեջ, և կարծում եմ, որ ճիշտ չէ, որ ես դա մեկնաբանեմ»:

Հիշեցնենք, որ իր ելույթում Տեր Պետրոսյանը, մասնավորապես, ասել էր.

«Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» հակամարտությունն արդեն կայացած փաստ է, որը ոչ մի լուրջ քաղաքական ուժ չի կարող ուրանալ և հաշվի չառնել։ Ի դեմս «Բարգավաճի», ըստ էության, ուրվագծվում է քաղաքական շրջանակներում վաղուց ակնկալված Երրորդ ուժի ձևավորումը, ինչը, սակայն, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում… «Բարգավաճ Հայաստանն» իր դեմքն իսպառ կկորցնի նաև այն պարագայում, եթե, բավարարվելով կրտսեր եղբոր կարգավիճակով, խորհրդարանական ընտրություններին մասնակցի Հանրապետականների հետ կազմած միասնական ցուցակով։ Ավելի մեծ նվաստացում կամ ինքնաոչնչացման ավելի կարճ ճանապարհ «Բարգավաճի» համար դժվար է պատկերացնել, քանի որ նա դրանով խաչ կքաշի արժանապատիվ քաղաքական գործոն լինելու իր բոլոր հավակնությունների վրա»: