Home / Հայաստան / «Հայփոստի» բաժանմունքի պետը մոտ 6,5 միլիոն դրամ է հափշտակել

«Հայփոստի» բաժանմունքի պետը մոտ 6,5 միլիոն դրամ է հափշտակել

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` փոստային բաժանմունքի պետի կողմից կենսաթոշակների և նպաստի գումարներից յուրացում կատարելու դեպքի առթիվ:

Պետական շահերի պաշտպանության նկատառումներով նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ մասնավորապես պարզվել է, որ  «Հայփոստ» ՓԲ ընկերության Վանաձորի թիվ N փոստային բաժանմունքի պետը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, քաղաքացիների կենսաթոշակները և նպաստը վճարելու համար 2011թ. նոյեմբեր ամսին ստացված, ինչպես նաև ազգաբնակչությունից որպես վարձավճարներ գանձված գումարներից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 6 420 000 դրամ գումար:

Նյութերի հիման վրա Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար, հայտնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը: