Home / Հայաստան / ՀԱԿ-ը ֆինանսների նախարարությունից ավանդների մասին տեղեկություններ է խնդրել

ՀԱԿ-ը ֆինանսների նախարարությունից ավանդների մասին տեղեկություններ է խնդրել

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր նամակով դիմել է ՀՀ ֆինանսների նախագահ Վահե Գաբրիելյանին՝ անդրադառնալով ՀՀ քաղաքացիներին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցման խնդրին վերաբերող տեղեկատվությանը:

«Հայ Ազգային Կոնգրեսի «100 քայլ» ծրագրում նշված է, որ ՀՀ քաղաքացիներին պետք է փոխհատուցվի նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված նրանց ավանդները: Միաժամանակ, ՀԱԿ մտահոգության կենտրոնում է նաև նախկին ԽՍՀՄ Պետապ համակարգում ապահովագրված անձանց ապահովագրավճարների խնդիրը, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ խնայբանկի 1000 ռուբլի արժողությամբ սերտիֆիկատների փոխհատուցման խնդիրը:

Ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի դրույթներից խնդրում եմ Հայ Ազգային Կոնգրեսին ներկայացնել հետևյալ տեղեկությունները.

  1. ԱՊՀ 1992թ. մարտի 13-ի «Նախկին ԽՍՀՄ ներքին պարտքի սպասարկման սկզբունքների եւ մեխանիզմների մասին» համաձայնագրի կատարման ուղղությամբ ՀՀ ձեռնարկած միջոցառումները,
  2. նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդատուների թիվը, նրանց կողմից ներդրված դրամական միջոցների ընդհանուր գումարը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ,
  3. ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 352-Ն որոշման կատարման ընթացքի մասին տվյալներն (ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացված ու փոխհատուցված գումարները, փոխհատուցում ստացած ավանդատուների թիվը եւ որոշման կատարումը բնութագրող այլ տվյալներ) ըստ տարիների,
  4. նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկի կողմից տրված 1000 ռուբլիանոց սերտիֆիկատների քանակը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ և դրանց մարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները,
  5. նախկին ԽՍՀՄ պետական ապահովագրության համակարգում ապահովագրված անձանց թիվը, այդ թվում` ապահովագրված անչափահասների թիվը, համապատասխանաբար նրանց համար կատարված ապահովագրավճարների գումարը, վերադարձված ապահովագրական ընդհանուր գումարը և դրանք ստացած ապահովագրվածների թիվը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ` ըստ ապահովագրության տեսակների:

Հուսով եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նախատեսված ժամկետում մեզ կներայացնեք պահանջվող տեղեկությունները», – ասված է Լևոն Զուրաբյանի նամակում: