Home / Հայաստան / Պուտինը «երկու բառով» արձագանքել է «փողոցային ժողովրդավարությանը»

Պուտինը «երկու բառով» արձագանքել է «փողոցային ժողովրդավարությանը»

ՌԴ  վարչապետ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի իր կողմից ստեղծված Համառուսաստանյան ազգային ճակատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Մոսկվայում, Պետերբուրգում և մի շարք այլ քաղաքներում խորհրդարանական ընտրություններից հետո սկսված փողոցային բողոքի ակցիաներին: Միաժամանակ Պուտինը հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ նախընտրական շտաբի ստեղծման մասին` դրա ղեկավար նշանակելով հայտնի կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինին, և կոչ է արել իր «ճակատայիններին» չհանձնել մանդատները «Եդինայա Ռոսիայի» թեկնածուներին, որոնք խորհրդարանական ընտրություններում համեմատաբար համեստ արդյունքներ են գրանցել:

Պուտինը նշել է, որ չի ցանկանում ծամծմել Պետդումայի ընտրությունների թեման: «Ցանկանում եմ երկու բառ ասել Պետդումայի ընտրությունների մասին, շատ հակիրճ: Այդ մասին արդեն շատ են խոսում բոլոր կողմերից, խնդիրը ծամծմվում է, և ես այս պահին չեմ պատրաստվում գնահատականներ տալ»:

«Ինչ վերաբերում է միջոցառումներին, փողոցային ժողովրդավարությանը, ապա ես այդ ամենին այսպես եմ վերաբերվում. եթե մարդիկ օրենքի շրջանակներում են գործում, նրանց պետք է կարծիքի արտահայտման հնարավորություն ընձեռվի, և մենք չպետք է սահմանափակենք նրանց քաղաքացիական իրավունքները: Բայց եթե ինչ-որ մեկը օրենք է խախտում, իշխանական մարմինները և իրավապահները պետք է պահանջեն օրենքի կատարում բոլոր օրինական միջոցներով»,- Պուտինի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»:

Վարչապետի գնահատմամբ` «ընդդիմադիրները ներքաղաքական գործընթացների վրա փորձում են ազդել արտասահմանի պատվերով», որից «մենք պարտավոր ենք պաշտպանել մեր ինքնավարությունը»` առաջարկելով մտածել արտասահմանյան պետությունների պատվերը կատարողների պատասխանատվության  խստացման մասին»:

«Ես հետևում էի մեր ամերիկյան գործընկերների առաջին արձագանքին: Առաջին բանը, որ արեց Պետքարտուղարը, ասաց, որ ընտրությունները անարդար և անազնիվ են եղել, թեև նա դեռևս չէր ստացել միջազգային դիտորդների նյութերը»,- նկատել է Պուտինը: «Նա տոն հաղորդեց մեր երկրի քաղաքական գործիչներին, ազդանշան տվեց: Նրանք էլ նկատեցին այդ ազդանշանը և ԱՄՆ Պետդեպի աջակցությամբ սկսեցին ակտիվորեն աշխատել»,- ասել է Պուտինը: