Home / Հայաստան / Հայաստանի ու Լիբանանի նախագահները փոխանակվեցին շքանշաններով

Հայաստանի ու Լիբանանի նախագահները փոխանակվեցին շքանշաններով

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստան պաշտոնական այցով ժամանած Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցությունները:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և Հայաստանի ու Լիբանանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար Սերժ Սարգսյանը Լիբանանի նախագահին պարգևատրել է Պատվո շքանշանով:

Միշել Սուլեյմանը, իր հերթին, Սերժ Սարգսյանին պարգևատրել է Լիբանանի արժանիքների բարձրագույն աստիճանի շքանշանով:

Բանակցություններից հետո տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև 2012-2014թթ. համար մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև շրջակա միջավայրի բնագավառում համագործակցութան մասին» փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև «Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև «Համապատասխանեցման վկայականների փոխճանաչման մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ստանդարտացման բնագավառում համագործակցության մասին» արձանագրություն, «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Լիբանանի Հանրապետության արդյունաբերության նախարարության միջև» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» գործնական ծրագիր:

Այցի ընթացքում Միշել Սուլեյմանը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծառ տնկել Հիշողության պուրակում: