Home / Հայաստան / «Մարդը բույս չէ, որ պարզապես շնչի». առաջին օմբուդսմենը հորդորում է բողոքել ՄԻՊ գրասենյակ

«Մարդը բույս չէ, որ պարզապես շնչի». առաջին օմբուդսմենը հորդորում է բողոքել ՄԻՊ գրասենյակ

Մարդու իրավունքներն այսօր Հայաստանում վտանգված են: Չկա ազատ երկիր` առանց ազատ մարդու: Այս մասին այսօր` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Մարդը բույս չէ, որ պարզապես շնչի, նրան պետք է ազատ ապրելու իրավունք տալ ու չզրկել այդ իրավունքից»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում ամենակարևոր դերը հասարակության ակտիվ գործունեությունն է:

«Ամեն բան, ինչ կատարվում է յուրաքանչյուրիս կյանքում, պետք է առիթ դառնա մտածելու, թե ինչպես դուրս գալ տվյալ իրավիճակից: Պետք է առաջ նայենք  ու ելքեր փնտրենք, ի վերջո բոլորս նույն նավակի մեջ ենք»,- ասել է Ալավերդյանը:

Նրա հավաստմամբ՝  հաջողությունների ու ձեռքբերումների հասնելու  համար  նախևառաջ պետք  է հասկանալ թերացումներն ու  բացթողումները:

«Ես կոչ եմ անում հասարակությանը ուժեղացնել ճնշումներն ու հորդորում լրատվամիջոցներին մարդու իրավունքների խախտումների մասին բողոքներով պարբերաբար դիմել Մարդու իրավունքների գրասենյակում գործող թեժ գիծ: Որքան ակտիվ լինի  մեզանից յուրաքանչյուրը, այնքան կնպաստենք այս կառույցի արագ զարգացմանը», – ասել է նա:

Ըստ Ալավերդյանի` քանի որ հայաստանյան իշխանությունը դժվարությամբ է զիջում իր կարծրացած դիրքորոշումները, հետևաբար չի ընդունում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը որպես իրավունք ունեցող  ազդեցիկ կառույց: