Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը համոզվեց, որ Հայաստանն ու Լիբանանն ունեն ընդհանուր հետաքրքրություններ

Սերժ Սարգսյանը համոզվեց, որ Հայաստանն ու Լիբանանն ունեն ընդհանուր հետաքրքրություններ

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանի հրաժեշտի արարողությունը:

Մինչ այդ, երկու երկրների ղեկավարները կարճատև առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Լիբանանի նախագահի հետ հանդիպման արդյունքում ևս մեկ անգամ համոզվեց, որ երկու բարեկամ երկրներն ունեն բավականաչափ ընդհանուր հետաքրքրություններ, խնդիրներ ու շփման եզրեր, նաև՝ այդ բարեկամությունը մշտապես ամրապնդելու պարտավորություն: Հանրապետության ղեկավարի խոսքով` նախագահ Միշել Սուլեյմանի այցը Հայաստան՝ քայլ էր հենց այդ ուղղությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Լիբանանի նախագահի հետ մոտ ապագայում կրկին կհանդիպեն՝ այդպիսով ևս մեկ անգամ հայ-լիբանանյան ներկայիս ջերմ հարաբերությունները մշտապես ամրապնդելու ազդակ հաղորդելով շահագրգիռ բոլոր կողմերին:

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ լիբանանյան կողմը հետևողական կլինի այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու հարցում, որի համար պատասխանատու բոլոր պետական մարմիններին համապատասխան հանձնարարականներ կտրվեն: Միշել Սուլեյմանը ևս համոզվածությամբ ընդգծել է, որ իր պաշտոնական այցը Հայաստան լրացուցիչ խթան կհանդիսանա բոլոր ոլորտներում հայ-լիբանանյան հարաբերություններն ավելի ակտիվացնելու և ամրապնդելու գործում: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը: