Home / Հայաստան / Հայաստանում վթարները չեն ավելացել, բայց տեսանելի են դարձել ԱՊՊԱ-ի պատճառով

Հայաստանում վթարները չեն ավելացել, բայց տեսանելի են դարձել ԱՊՊԱ-ի պատճառով

Նախորդ տարիների համեմատությամբ վթարները գրեթե չեն ավելացել, պարզապես դրանք ավելի տեսանելի են դարձել մեքենաների  պարտադիր ապահովագրության մասին օրենքի ի հայտ գալուց հետո: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում նշել է Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը:

«2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում այս ոլորտում չէին գործում ապահովագրական ծառայությունները: Եթե նախկինում ավտովթարների ժամանակ չնչին վնասի դեպքում վարորդները մի քանի րոպեի ընթացքում պայմանավորվում ու փոխհամաձայնության գալով հեռանում էին դեպքի վայրից, ապա հիմա, ցանկանցած վթարի դեպքում մեքենաները կանգնած մնում են մինչև կժամանեն ճանապարհային ոստիկանությունն ու ապահովագրական գործակալը», – նշել է նա:

Արշակյանի  հավաստմամբ՝ վարորդներից շատերը ցանկանում են վարույթ իրականացնել ու պահանջում են վնասի փոխհատուցում:

«Անգամ չնչին քերծվածքի դեպքում  ցանկանում են դիմել բուժհիմնարկություն, օգտվել իրենց իրավունքներից», – ասել է նա:

Նրա խոսքով՝ մինչ վթարի վայր կժամանեն ապահովագրական գործակալներն ու ճանապարհային ոստիկանները, սկսվում են խցանումները:

«Եթե վարորդները պահանջում են վարչական վարույթ իրականացնել, ինչի ընթացքում գծագրեր են կազմվում, վարորդներից բացատրություններ վերցվում ու նման մի շարք գործողություններ են կատարվում, ապա, պետք է նշեմ, որ այս ամենի համար պահանջվում է նվազագույնը մեկ ժամ: Արդյունքում ծանրանում է երթևեկությունն և վթարները տեսանելի են դառնում»,-հավելել է  նա:

Արսեն Արշակյանի խոսքով՝ այժմ պատահարները բոլորի ուշադրության կենտրոնում են:

«Եթե Բաղրամայան փողոցում՝ Կամոյի դպրոցի դիմաց ավտովթար է լինում, ապա մեկ ժամում, ըստ իմ հաշվարկի, այդ տարածքով նվազագույնը 400-500 ճանապարհատրանսպորտային միջոց է անցում, և բոլորն ականատես են լինում տվյալ վթարին, իսկ 10 րոպերի ընթացքում վթարված մեքենաները դուրս բերելու դեպքում պատկերն այլ կլիներ և քսան մեքենա ականատես կլիներ վթարին: ԱՊՊԱ-ի ի հայտ գալով վթարները տեսանելի են դարձել ու հաշվառվել է ավելի շատ մեքենա», – նշել է նա:

Հարցին, թե հաշվի առնելով այս ամենը՝  որքանով է շահավետ պարտադիր ապահովագրությունը, Արշակյանը պատասխանել է.

«Չնայած բավական դժվարացել ու աշխատատար է դարձել ճանապարհային ոստիկանության աշխատանքը, բայց ազգաբնակչության համար իրականում շատ ձեռնտու և միանշանակ օգտակար են ապահովագրական ընկերությունները: Քաղաքացին ամբողջ տարվա ընթացքում վճարել է իր գումարները և մի փոքր վթարի դեպքում ստանում է իր փոխհատուցումը», – եզրափակել է նա: