Home / Հայաստան / «Արմավիա»-ն ու «ՉԻ»-ին հաշտության եկան Epress.am-ից արտատպված հոդվածի շուրջ

«Արմավիա»-ն ու «ՉԻ»-ին հաշտության եկան Epress.am-ից արտատպված հոդվածի շուրջ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր  «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչներն ու  «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի ներկայացուցիչները հաշտության համաձայնագիր են ստորագրել: «Արմավիան» դատական հայց էր ներկայացրել ընդդեմ  «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի և թերթից 2 միլիոն դրամ էր պահանջում «գործարար համբավն արատավորող» տեղեկություններ հրապարակելու համար:

Դատական հայցի համար պատճառ էր դարձել «ՉԻ»-ի՝  Epress.am-ից արտատպած «Հայկական ավիաընկերությունը զե՞նք էր մատակարարում Լիբիային» հոդվածը, որում, մասնավորապես, վկայակոչվում են Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկի խոսքերն այն մասին, որ զենքերի հերթական բաժինը վերցնելու և վերադառնալու նպատակով Լիբիայից Մոլդովա ժամանած Իլ-76 ինքնաթիռը պատկանում է «հայկական քաղաքացիական ավիաընկերությանը» (հոդվածի սկզբնաղբյուրը` «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայք):

Epress.am-ը «Էխո Մոսկվիի» հրապարակման առնչությամբ դիմել էր Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանին, ով մեզ հայտնել էր, որ այս հարցի առնչությամբ մեկնաբանություն կարող է տալ «Արմավիան»: «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հեռախոսազանգին չէր պատասխանել:

Ավելի ուշ «Արմավիան» հաղորդագրություն էր տարածել, որով պնդում էր, որ ««Արմավիա» ավիաընկերությունը երբեք չի ունեցել «ԻԼ 76» ինքնաթիռ և զբաղվում է միայն ուղևորատար  փոխադրումներով, այլ ոչ թե բեռնափոխադրումներով»:

«ՉԻ»-ի լրագրող Գոհար Վեզիրյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ երեկվա դատական նիտի ժամանակ «Արմավիայի» ներկայացուցիչներն առաջարկել են  թերթում հերքում տպել, որ «Արմավիան» զենք չի տեղափոխել:

«Սա արդեն մենք կհրապարակենք երրորդ անգամ, և սա ոչ խմբագրակազմի, ոչ հայ հասարակության, ոչ էլ Միկա Բաղդասարովի կյանքում, բացառապես բան չի փոխի».- ասել է  Գոհար Վեզիրյանը: Նա նաև տեղեկացրել է, որ այսօր իրենք ստորագրել են հաշտության համաձայնագիրը, իսկ դեկտեմբերի 28-ին դատավորը այդ համաձայնագիրը վճռի տեսքով կընթերցի: Համաձայն վճռի`մենք հերքումը պետք է տպագրենք վճռի ընդունումից հետո 30 օրվա ընթացքում»:

Վեզիրյանը նշել է, որ այդ հերքումը իրենք կտպագրեն եկող տարվա հունվար ամսվա մեջ: